Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ վերհիշել է կարիերայի հետաքրքիր դրվագներից մեկը.
«…Շարքով շարված ենք խաղադաշտ տանող միջանցքում… Ահա և Պորտուգալիայի հավաքականը! Նորից նույն դեմքերը… Ինձ համար արդեն ամեն ինչ սովորական էր, չնայած լարված էի, ինչպես Հավաքականի ցանկացած խաղի ժամանակ…
Մենք սպասում էինք՝ երբ են մրցավարները հրահանգելու խաղադաշտ դուրս գալու համար… Շուրջ բոլորս էի նայում… Ինչպիսի խաղացողներ… Մի պահ թեքվեցի ձախ ու հանկարծ նկատեցի ակնոցներով մի տարեց մարդու, ով հերթով խաղացողներին ձեռքսեղմելով շարժվում էր դեպի խաղադաշտ… Ինձ նույնպես հերթ հասավ! Աչքերիս չէի հավատում… Նրա կողքին անգամ Ռոնալդուի աստղը մարեց! Լեգենդար Էյսեբիոն էր! Մի պահ մտածեցի ֆուտբոլը ոչնչի հետ չէի փոխի ու շնորհակալություն էի հայտնում այդ րոպեն ապրելու համար…
Ես նրան առաջին անգամ Պելեի մասին վավերագրական ֆիլմում էի տեսել հեռավոր 90ականներին, երբ նա ջախջախում էր բրազիլացիներին 66-ի ԱԱում… Իսկ հիմա նա ինձ ձեռքով բարևում էր… Ֆանտաստիկ էր… Կյանքում չեմ մոռանա այդ պահը…»,- գրել է Պաչաջյանը:
Լեգենդար Էյսեբիոն հայտնի էր «Բենֆիկայում» ու Պորտուգալիայի հավաքականում իր ելույթներով: «Բենֆիկայի» կազմում նա 715 հանդիպման է մասնակցել ու դարձել 727 գոլի հեղինակ: Պորտուգալիայի հավաքականի կազմում արմատներով մոզամբիկցի հարձակվողը 64 խաղում 41 գոլ է խփել:
Էյսեբիոն աշխարհի 1966 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է, Պորտուգալիայի 11-ակի չեմպիոն, Պորտուգալիայի 5-ակի գավաթակիր, եվրոպական չեմպիոնների՝ 1961/62 մրցաշրջանի գավաթակիր, հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի չեմպիոն:
Մահացել է 2014 թվականին 71 տարեկան հասակում Լիսաբոնում: