ՅՈՒՆԻՍԵՖ-ն, ինչպես արդեն հայտնել ենք, երեկ հայտարարեց Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակելու մասին:
Ալեքսանյանը կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ին բարձրաձայնելու երեխաների առողջ ապրելու և առողջ սնուցման իրավունքը՝ առաջնահերթությունը տալով առավել խոցելի երեխաներին:
Այս նշանակումը ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 30-ամյակի առիթով է, որը նշվում է Երեխաների համաշխարհային օրը` նոյեմբերի 20-ին:
Այդ օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպում է Երեխաների ազգային գագաթնաժողով, որին կմասնակցի Հայաստանի բոլոր մարզերից առնվազն 170 երեխա, նորանշանակ ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ և այլ որոշում կայացնողներ:
«Ըստ վիճակագրության՝ մինչև հինգ տարեկան երեխաների 14 տոկոսը գերքաշ է, իսկ 9 տոկոսը՝ թերսնված: Ցավալի է գիտակցել, որ այդքան վաղ տարիքում երեխաների սնուցումը պատշաճ չի կազմակերպվում: Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի ու դե իհարկե, անպայման առողջ սնվի», — նշել է Ալեքսանյանը:
«Ուրախ ենք, որ օլիմպիական չեմպիոն Ալեքսանյանը միացավ մեզ՝ որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան: Որպես երեխայի իրավունքների և առողջ ապրելակերպի ջատագով՝ Ալեքսանյանը խորապես նվիրված է մեր առաքելության գաղափարախոսությանը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան դառնալով՝ Ալեքսանյանը միանում է սպորտի և մշակույթի ոլորտների ամենահանրաճանաչ ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ողջ աշխարհում: