Իտալական Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում երեկ կայացած մամուլի ասուլիսին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը.
«Լավ մարզավիճակում եմ գտնվում: Մի քանի օր ունեցել ենք վերականգնման համար: Այդ առումով հանգիստ եմ: Թիմը լավ վիճակում է գտնվում: Չնայած պարտություն կրեցինք, բայց ամեն ինչ անում ենք զարգանալու համար, այս մի քանի օրը լավ մարզումներ ենք անցկացրել ու մեզ լավ ենք զգում»,- ասել է Չալըշըրը:
Չալըշըրն, ամփոփելով ընտրական փուլը, մասնավորապես նշել է.
«Ունեցանք մի քանի լավ հաղթանակներ, զգում էինք, որ կարող ենք պայքարել բոլոր թիմերի հետ, բայց ցավոք հաջողություն չունեցանք այդ առումով: Ամեն խաղ մեզ համար նոր մրցում է: Չնայած` դուրս չեկանք Եվրո-2020, բայց մենք մրցունակ խաղացողներ ենք, ու կարող ենք այսօր ևս արաժանապատիվ խաղ ցուցադրել: Կանենք ամեն ինչ հաջողության հասնելու համար»,- ասել է մեր պաշտպանը:
Խոսելով Իտալիայի հավաքականի մասին, որը 2006 թվականից չի պարտվում Եվրո-ի ընտրական փուլերում, Չալըշրը նշել է հետևյալը.
«Շատ դժվար է ասել, թե Իտալիայի հետ նախորդ խաղում ինչը սխալ արեցինք: Նրանց դեմ նույնիսկ 11 հոգով է դժվար խաղալը, ուր մնաց 10 հոգով: Մեր խնդիրն այդ առումով շատ դժվարացավ նախորդ խաղում: Իտալիան, իսկապես, շատ լավ թիմ ունի ու մենք կանենք մեզնից կախված ամեն բան այսօրվա խաղում»,- ասել է Չալըշըրը: