«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է իր ինքնակենսագրականը հրատարակելու մասին, որի շնորհանդեսը կայացել է Խորվաթիայում: Գիրքը ստացել է «Իմ խաղը» անվանումը:
«Ռեալի» ֆուտբոլիստի ինքնակենսագրականը գրվել է մարզական լրագրող Ռոբերտ Մատեոնիի հետ համատեղ ու կթարգմանվի 12 լեզվով:
«Ես երկար ժամանակ գիրք գրելու մտադրություն ունեի, դա միշտ ինձ համար շատ մեծ ցանկություն է եղել: Բայց լիարժեքության համար ինձ չէր բավականեցնում ազգային հավաքականի մարզաշապիկով հաջողությունը: Կարողացա հաջողություն ունենալ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, ու դրանից հետո մենք սկսեցինք գրել:
Իմ ընկեր ու մարզական լրագրող Ռոբերտի հետ լավ հարաբերությունների մեջ ենք դեռ երկար տարիներ: Պետք է ասեմ, որ հենց նա ինձ տվեց գիրք գրելու գաղափարը: Զանգահարեցի նրան, երբ վերջնականապես որոշեցի, որ ինքնակենսագրական գրելու ժամանակն է: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում Novi List-ը: