Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսարի» առաջատար Տիգրան Բարսեղյանը կարիերան կարող է շարունակել հունական ԱԵԿ-ում: Այս մասին Ώρα των σπορ-ին հղում կատարելով` հայտնում է Sports.kz-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բարսեղյանի ծառայություններ առաջարկվել են հունական ակումբին և ԱԵԿ-ի մարզական տնօրեն Իլիա Իվիչն այս տարբերակն արժանի են համարում ուշադրության:
Այդուհանդերձ, նշվում է, որ Բարսեղյանի ծառայությունները հունական ակումբին առաջարկած գործակալը դեռ վերջնական համաձայնության չի եկել ԱԵԿ-ի հետ, բայց լավ հարաբերությունների մեջ է ղեկավարների ու անձամբ Իվիչի հետ, որը հայ ֆուտբոլիստին այժմ ներառել է իր ծրագրերում:
Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» կազմում ընթացիկ մրցաշրջանում 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի հեղինակ ու հանդիսանում է ակումբի լավագույն ռմբարկուն:
Բարսեղյանն այս օրերին Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում է, որի կազմում նախ մասնակցեց Հունաստանի հետ Երևանում կայացած խաղին, իսկ այժմ նախապատրաստվում է Իտալիայի հետ Պալերմոյում կայանալիք հանդիպմանը: