Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) Խավիեր Տեբասին կոչ է արել հրաժարական տալ Լա Լիգայի նախագահի պաշտոնից՝ ֆեդերացիայի դեմ ներկայացված մի շարք դատական հայցերից հետո:
Ֆեդերացիայում ենթադրում են, որ երկրի լավագույն ակումբները կաջակցեն իրենց դիրքորոշմանը։ Կոնֆլիկտը սկսել է դատարանի որոշումից հետո, որով մերժվել էր Լա Լիգայի հայտը, համաձայն որի «Վիլյառեալ» – «Աթլետիկո» հանդիպումը պետք է անցկացվեր ԱՄՆ-ում:
Մինչ այդ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի և Տեբասի միջև ևս մի քանի կոնֆլիկտ է եղել։ Տարաձայնություններ են առաջացել հանդիպումների ժամանակացույցի, ինչպես նաև Լա Լիգայի խաղերը այլ երկրներ տեղափոխելու նախորդ փորձերի համար։
RFEF-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ Տեբասի վարքագիծը բնութագրվում է որպես «չափազանց անբարյացակամ եւ անպատասխանատու»: