Եվրո-2020-ի որակավորման փուլը, և Եվրո-2020-ը՝ ընդհանրապես, մեզ համար մոտենում է եզրագծին: Շատ լավատեսները կասեն՝ դեռ տեսական շանսեր ունենք, իսկ ֆուտբոլը կասի, որ ինքը Եթե-ներ չի սիրում: Առհասարակ, ֆուտբոլին Եթե-ներով չպետք է մոտենալ: Հայաստանի հավաքականն ու մենք բոլորս հաճախ հենց այդպես ենք արել:
Եկող ամռան ֆուտբոլային կարևոր տոնին մենք դարձյալ հետևելու ենք հենց այնպես՝ կողքից: Բայց մինչ այդ դեռ պետք է 2 խաղ անցկացնենք:
Առաջինը և ամենակարևորը (ոչ մրցաշարային տեսանկյունից)՝ Հունաստանի հավաքականի հետ Երևանում այս երեկո կայանալիք խաղն է:
Ազգային ընտրանին ունի նոր գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյանը: Նրան շատերն են սպասել այս պաշտոնում, շատերն են տարիներ շարունակ, յուրաքանչյուր ձախողված ընտրական մրցաշարի ընթացքում ու ավարտին պահանջել՝ հավաքականը վստահել Խաշմանյանին: Այդ փաստն արդեն կայացած է: Այսօր Խաշմանյանը պետք է ապացուցի, որ մարդիկ չեն սխալվել:
«Երանելի վիճակում չենք՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը, բայց ֆուտբոլ է, մենք իրավունք չունենք կառչել այդ փաստից ու մտածել որևէ բացասական բանի մասին: 3 օրվա մեջ փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել, որ ազգային հավաքականը պատրաստ է հույների հետ խաղին: Նպատակը մեկն է՝ քաղել առավելագույնը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Խաշմանյանը:
Իսկապես, Հայաստանի Ազգային հավաքականը վերջին երկու խաղերին մոտեցել է կադրային խնդիրներով՝ մեր ընտրանու ֆուտբոլային աստվածը, ֆուտբոլային ուղեղը կրկին չկա, հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարեց Մարկոս Պիզելին, 1 խաղով որակազրկված է Վարազդատ Հարոյանը, վնասվածքների պատճառով բացակայում են Սարգիս Ադամյանը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը: Փոխարենը հավաքական են վերադարձել Գևորգ Կասպարովը, Արթուր Սարկիսովը, Արտյոմ Սիմոնյանը, Գեղամ Հարությունյանը, Արմեն Մանուչարյանը: Առաջին անգամ հավաքականից հրավեր է ստացել «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը:
«…պետք է գիտակցենք, թե ինչ ունենք այսօր մեր ձեռքի տակ: Ոչ մի կերպ չենք կառչելու կորուստներից, ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի վաղը մեր թիմն առավելագույնը քաղի: Ուզում եմ բոլորս կենտրոնանանք հենց վաղվա խաղի վրա», — երեկ ասել է Խաշմանյանը:
Առհասարակ, ամենատարբեր վիճակագրությունները ցույց են տալիս, որ մարզչական նորամուտերի խաղերում թիմերը հիմնականում հաղթում են: Մրցակիցն էլ այս պահին ունի խնդիրներ: Գուցեև մեր ընտրանին էլ այսօր հաղթանակ տանի: Բայց այնպիսի վիճակով, որում այս պահին գտնվում է Հայաստանի Ազգային հավաքականը, մենք դժվար թե տեղ ունենք հեղինակավոր որևէ մրցաշարի փլեյ-օֆֆում:
Հայաստանի հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ նախ այսօր, ապա՝ Իտալիայում, նոյեմբերի 18-ին պետք է ապացուցի, որ դեռ անդունդում չէ, ավելին՝ հեռու է դրա եզրից:
Թե ինչ կազմ կընտրի Խաշմանյանը, ինչ մարտավարությամբ կխաղա մեր ընտրանին, ավելի լավ է սպասել մի քանի ժամ ու հասկանալ հենց տեղում:
Առհասարակ, ցանկացած ընտրական փուլի վիճակահանությունից առաջ մենք սավառնում ենք օդերում, միանգամից սկսում պատկերացնել, թե ինչպես ենք իրենցից ոչինչ կամ գրեթե ոչինչ չներկայացնող մրցակիցներին հաղթում, միավորներ փախցնում ուժեղներից ու իրատեսականորեն պայքարում Փլեյ-օֆֆի ուղեգրի համար: Հետո սկսվում է բուն որակավորման փուլը, և մենք մեկը մյուսի հետևից հիասթափություններ ենք ապրում: Վերջում էլ սկսում ենք խոսել Եթե-ներով: Պարզ է, որ մեր հավաքականն արդեն պետք է սկսի նախապատրաստվել հաջորդ ընտրական փուլին: Հունաստանի հավաքականի հետ տնային և Իտալիայի հետ արտագնա խաղերը փորձարկումների դաշտ կարող են դառնալ նոր մարզչական շտաբի համար: Միայն թե կարևոր է գոնե այսօր, սեփական հարկի տակ այս տարվա վերջին խաղում հաղթելը: Հաղթել արժանապատիվ խաղով, առանց հետո քավության նոխազներ փնտրելու անհրաժեշտության:
Եվրո-2020, որակավորման փուլ, 9-րդ տուր, J խումբ, Հայաստան — Հունաստան՝ 21:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում: