Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն շշուկների մասին հարցին, թե մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը մերժել է հավաքականին միանալու և պարզապես քաջալերելու հրավերը.
«Լավ գիտակցում ենք, հաշվի ենք առել ամեն ինչ: Հենրիխը վնասվածք ունի, բնական է՝ պետք է վերականգնվի: Հրավեր չենք էլ ուղարկել … հատուկ հրավեր … ինձ համար դա անհասկանալի է, ու ոչ միայն ինձ համար»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը:
ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանն էլ պարզաբանեց, որ Մխիթարյանին նախապես՝ մինչև Աբրահամ Խաշմանյանի նշանակումը, հրավեր ուղարկվել է, ինչպես և մյուս ֆուտբոլիստներին՝ օրինակ Մարկոսին և մյուսներին, որպեսզի հասկանանք, թե ով վնասվածք ունի: «Ռոման» պաշտոնական նամակ է ուղարկել ՀՖՖ և հայտնել, որ Մխիթարյանը վնասվածք ունի: Սրանից բացի որևէ այլ հրավեր Մխիթարյանին չի ուղարկվել.
«Մխիթարյանը բնակվում է Հռոմում: Եթե հարմարեցնի, ֆիզիկական վիճակը բավարարի ու ցանկություն ունենա՝ կգա, կմիանա ու կտեսնի հավաքականին: Բայց, բնականաբար, հանդիպմանն ի վիճակի չի լինի մասնակցել»,- ասաց Հայկ Կարապետյանը:
Հիշեցնենք՝ «Ռոմայի» մամուլի քարտուղարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Մխիթարյանն այսօր վերսկսել է մարզումները:
Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին երկու տուրում նախ նոյեմբերի 15-ին Երևանում կհյուրընկալի Հունաստանի հավաքականին, ապա նոյեմբերի 18-ին Պալերմոյում կմցրի Իտալիայի հավաքականի հետ: