Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է 5:7, 5:7 հաշվով պարտությունն ավստրիացի Դոմինիկ Տիմից ATP Ամփոփիչ մրցաշարի առաջին խաղում:
«Հիմա այս մրցաշարն ինձ համար կդառնա սովորական. այլևս չի կարելի պարտվել: Վերջին 20 տարիներին ամեն ինչ եղել է հենց այդպես, դրա համար էլ ոչ մի նոր բան չի պատահել:
Կարծում եմ՝ Տիմը գերազանց խաղաց: Մեկնարկն առանձնապես չօգնեց ինձ: Ես անմիջապես հայտնվեցի հետապնդողի դերում: Բայց կարողացա վերագտնել ինքս ինձ և շարունակել խաղը հավասար պայքարում: Ես զգում էի, որ շանսեր ունեմ: Հավանաբար, ազդեցին առաջին գեյմերի դժվարությունները:
Մթնոլորտը հիասքանչ էր: Կուզեի երկրպագուներին տոնելու առիթ տալ: Հանդիսատեսը սպասում էր դրան», — Ֆեդերերի խոսքերն է մեջբերել ATP-ի պաշտոնական կայքը:
Վաղը՝ նոյեմբերի 12-ին, Ռոջերը կխաղա Մատեո Բերետինիի հետ: