Ֆուտբոլը ամենամասսայական սպորտաձևն է: Սա ամենապարզունակ հայտարարությունն է, որ կարելի է անել միլիոնավորների կողմից սիրված խաղի մասին: Ամբողջ աշխարհում վաղուց հասկացել են, որ այն կարելի է «օգտագործել» ցանկացած նպատակով, այդ թվում՝ քաղաքական խնդիրները լուծելու: Անգամ հայկական ֆուտբոլի ու քաղաքագիտության պատմությունը լավ է հիշում հայ-թուրքական հարաբերությունների այն էջը, որի անունը դրվեց «ֆուտբոլային դիվանագիտություն», երբ 2008 թվականին երկու երկրների ազգային թիմերի խաղը դիտելու համար Երևան էր ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թվում է՝ դեռ այդ ժամանակվանից գոնե մենք պետք է հասկանայինք, թե ֆուտբոլն ինչպիսի զենք կարող է դառնալ: Բայց այդպես էլ չկարողացանք մեր իսկ սկսածի «պոչը» բռնել:
««Մարազմը» խորանում է»․ նման որակավորումներով տարբեր գլխագրեր կարդացինք այն լուրի հրապարակումից հետո, որ Ադրբեջանում ստեղծվել է «Էրիվան» անունով նոր ֆուտբոլային ակումբ։
««Էրիվանը» դիմել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիային Տարածաշրջանային լիգային մասնակցելու համար։ Էրիվանը Արևմտյան Ադրբեջանի պատմական մայրաքաղաքն է», — ամենայն լրջությամբ ազդարարում էին հարևան երկրի լրատվամիջոցները։
Դե․․․ ոմանք վրդովվեցին, ոմանք էլ շա~տ վերևից Ադրբեջանին քմծիծաղ տվեցին, անցան առաջ․ «Այդ ո՞վ չգիտի, թե Երևանն ում մայրաքաղաքն է․․․»։
Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում մեր մշտապես զիջող դիրքերում ո՛չ վրդովմունքը, ո՛չ քմծիծաղը լավ ընկեր չեն։ Հատկապես, որ այդ երկիրը հնարավոր ու անհնար ամեն կերպ պայքարում է ու հաճախ հասնում իր նպատակին՝ աշխարհին ներկայացնելով պատմության՝ իր «կարած երեսը»:
«Կարծում եմ, որ նման իրավիճակներում պետք է խոսել այն մասին, որ դա ոչ թե սպորտ է, այլ քաղաքականություն, այսինքն՝ հակառակ կողմը փորձում է անգամ սպորտի միջոցով որոշակի մեսսիջներ փոխանցել թե՛ միջազգային հանրությանը, թե՛ սեփական ժողովրդին։ Ցավոք սրտի, հիմքում հայկական կողմի նկատմամբ նրա ունեցած ատելությունն է։ Սա խորքում իր մեջ լուրջ խնդիրներ է պարունակում․ հետևողականորեն միջազգային հանրության ականջներում «նստացնում են», որ նախ Ղարաբաղը, հիմա էլ Երևանը ադրբեջանական տարածք են։ Եվ հենց այդպես էլ կընկալվի․ դա դառնում է ազգային անվտանգության խնդիր»,- մեզ հետ զրույցում կիսվում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ըստ նրա՝ ատելության խոսքը սպորտ բերելու մարտավարությանը պետք է վերջ դնել հենց միջազգային ճնշմամբ՝ քաղաքական, բարոյական և սպորտի էթիկային հակասող մոտեցումներին գնահատականներ տալով։
«Միջազգային սպորտային շրջանակները պետք է հաշվի առնեն, որ սա ոչ թե ազնիվ սպորտային մրցակցության նպատակներ է հետապնդում, այլ քաղաքական պրոպագանդա է», — ավելացնում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Իրավական դաշտում կա՞ն արդյոք բավարար գործիքներ կանխելու կամ հակազդելու ադրբեջանական հերթական և հնարավոր նոր «մարազմներին»։
ՖԻՖԱ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ՖԻՖԱ-ի նպատակներից են․
- ՖԻՖԱ-ի կանոնադրության, ռեգլամենտների ու որոշումների, Խաղի կանոնների խախտումների կանխարգելումը Ասոցացված ֆուտբոլի բոլոր ձևերի նկատմամբ՝ անհրաժեշտ միջոցների գործադրմամբ,
- Ցանկացած միջոցների և գործողությունների արգելումը, որոնք կարող են սպառնալիք ստեղծել խաղերի կամ մրցաշարերի անբասիրությանը, կամ կարող են հանգեցնել Ասոցացված ֆուտբոլի չարաշահմանը:
ՈՒԵՖԱ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ՈԻԵՖԱ-ի խնդիրներից են․
- Անդամ ասոցիացիաների միջև բարեկամական սպորտային հարաբերությունների ամրապնդումը և զարգացումը՝ խաղաղության և փոխըմբռնման մթնոլորտում, նրանց շահերի պաշտպանությունը,
- Եվրոպայում ֆուտբոլի զարգացումը և պրոպագանդան՝ Անդամներին հասանելի ցանկացած եղանակով՝ բացառելով կրոնական, ռասսայական, կամ քաղաքական խտրականությունը,
- Ֆուտբոլի խնդիրների վերաբերյալ Անդամների տարբեր տեսակետների մերձեցումը, և, հնարավորինս, ընդհանուր մոտեցումների ձևավորումը, ինչպես նաև Անդամների միջև վիճելի հարցերի լուծումը:
ՈՒԵՖԱ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի դրույթներին նույնաբովանդակ դրույթներ են պարունակում նաև ՖԻՖԱ-ի կանոնադրության 3-րդ և 4-րդ հոդվածները՝ ՖԻՖԱ-ի անդամների վերաբերյալ:
BAS LAW GROUP իրավաբանական ընկերության ավագ իրավաբան Հայկուհի Սեդրակյանը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունները ArmSport.am-ին մեկնաբանելիս նկատում է, որ դրանք սահմանում են ֆուտբոլը քաղաքականությունից զերծ պահելու և անդամների միջև տարաձայնությունները լուծելու հստակ առաքելություն:
««Էրիվան» անվանման օգտագործումը ադրբեջանական ակումբի կողմից ոչ թե ներպետական, այլ միջազգային հարթություն բարձրացող խնդիր է, քանի որ այդ ակումբն անդամակցելու է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիային և պետք է ենթարկվի թե´ ՈՒԵՖԱ-ի, թե´ ՖԻՖԱ-ի կանոնադրություններին: Ուստի, հղում կատարելով վերը նշված իրավական ակտերի դրույթներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առնվազն իրավունք ունի դիմելու ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ՝ խնդրելով չթույլատրել մեր մայրաքաղաքի անվան տարբերակներից մեկի օգտագործումը հակառակորդ երկրի ֆուտբոլային ակումբի անվանման մեջ: Նշված տարբերակով լուծում չգտնելու դեպքում հարցը կարող է քննարկման առարկա դառնալ Լոզանի սպորտային արբիտրաժում», — իրավական հարթությունում այս լուծումներն է տեսնում ավագ իրավաբան Հայկուհի Սեդրակյանը։
Իրավական հարթության գործնական հնարավորությունների շուրջ, սակայն, կարծքիները տարբեր են։ Մոսկվայում սպորտային իրավունքի ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբան Ալեքսանդր Կուրյանովը ArmSport.am-ի հետ զրույցում նկատում է, որ ՖԻՖԱ-ն կարող է արգելել որևէ ակումբի մասնակցել միջազգային մրցաշարերին, բայց սա շատ-շատ անհատական հարց է։
«Ֆորմալ առումով, այո՛, կարող է պատժամիջոցներ կիրառել, բայց ինչպիսի՞ պատժամիջոցներ, ինչպիսի՞ ծավալով կկիրառվեն, արդյո՞ք բերված փաստարկները կլինեն բավարար համոզիչ, թե՞ ոչ, նաև իսկապե՞ս դրանք, որպես պատժամիջոցներ կիրառելու հիմք, կընդունի ՖԻՖԱ-ն, թե՞ ոչ՝ շատ դժվար է ասել։ ՖԻՖԱ-ն լիազորությունների բավականին լայն շրջանակ ունի, բայց տվյալ դեպքում շատ դժվար է ասել՝ ինչպես դա կկիրառի, անշուշտ, պաշտոնական խողովակներով՝ տվյալ դեպքում ՀՖՖ-ից, բողոք ստանալուց հետո», — իր գնահատականն է տալիս իրավաբան Ալեքսանդր Կուրյանովը։
Վերջինիս մոսկովյան գործընկեր Անդրեյ Սիդորենկոն ArmSport.am-ի հետ զրույցից տեղեկացավ և շատ զարմացավ Ադրբեջանի այս քայլի և մտքի թռիչքի վրա։ Սպորտային հարցերով իրավաբան Սիդորենկոն իր պրակտիկայում նման դեպք չի հիշում, որի հիման վրա կարող էր վերլուծել, բայց ՖԻՖԱ-ի կանոնադրությունն իր մեկնաբանությամբ չի նախատեսում նման դեպքերի քննարկում, տվյալ դեպքում՝ այն, որ ինչ-որ մեկին դուր չի գալիս այս կամ այն անվանումը։
«Սա ավելի շատ դիվանագիտական հարթության հարց է, չգիտեմ նույնիսկ՝ կա՞ն միջազգային կոնվենցիաներ, որ լուծման ճանապարհ ցույց կտան, քանի որ այստեղ պետության շահերին է առնչվում այս հարցը։ Բայց սա ՖԻՖԱ-ի հարթության հարց չէ, քանի որ ՖԻՖԱ-ն դիտարկում է միայն սպորտային կանոնների խախտման դեպքերը և այստեղ չունի լծակներ ազդելու, եթե կան քաղաքական երանգներ։ Այստեղ նույնիսկ չենք կարող գնալ սպորտային արբիտրաժային դատարան, քանի որ այս պարագայում նման հարց քննելը սպորտային դատարանի տիրույթում չէ», — համոզված է Անդրեյ Սիդորենկոն։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատում է, որ այս խնդրով պետք է զբաղվեն ոչ միայն ՀՖՖ-ն և ԱԳՆ-ն․ սա հարց է, որն ավելի կոմպլեքս անդրադարձի կարիք ունի, որովհետև հիմքում մեր անվտագությանը սպառնացող գաղափարների տարածումն է։
«Պետք է վերաբերմունք արտահայտի սպորտը համակարգող կառույցը, այստեղ նաև բավականին մշակութային խնդիրներ կան, որ պետք է դրվեն։ ՀԱՕԿ-ը նույնպես կարող է հարցը բարձրաձայնել ՄՕԿ-ում, քանի որ ֆուտբոլը օլիմպիական մարզաձև է և չի բացառվում, որ այս թիմում ընդգրկված տարբեր ֆուտբոլիստներ կմասնակցեն օլիմպիական խաղերին։
Այսինքն՝ բոլոր այն տեղերում, որտեղ սպորտը քարոզվում է որպես խաղաղության, ազնիվ մրցակցության գաղափար, բայց դրա դեմ են օգտագործում, պետք է տարածվի։ Եվ այո, սա քաղաքական խնդիր է, միայն սպորտային չէ, հետևաբար բոլոր պատկան մարմինները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի միջազգային սպորտային հանրությանը ճիշտ ներկայացնեն հարցը», — եզրափակում է քաղաքագետը։
Անշուշտ, միամտություն է կարծել, որ միջազգային սպորտը անմասն է քաղաքականությունից։ Եվ մինչ մենք իրավական դաշտում փորձում ենք մեր ռեալ ուժերն ու հնարավորությունները չափել, հարցին այդպես էլ հնչեղություն չենք տալիս միջազգային սպորտային հզոր կառույցներում, որը թերևս շատ խնդիրներ կլուծեր տեղեկատվական պատերազմի դաշտում։
Մինչդեռ ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբը, որ վերջին 4-5 տարիներին երկրի անփոփոխ չեմպիոնն է և Եվրագավաթների խմբային փուլում մեկ անգամ չէ, որ հայտնվել է, շատ հաջող իրացնում է իր առջև դրված ոչ միայն սպորտային խնդիրները, այլև միջազգային ասպարեզում իր մրցելույթներով հրաշալի սպասարկում է իր անվան քաղաքական նպատակները։ Ամենապարզ օրինակը՝ ամեն անգամ, երբ «Քարաբաղը» միջազգային հանդիպում է անցկացնում եվրագավաթների շրջանակում, նախախային «ծրագրերում» ներկայացվում է այս ակումբի անվան պատմությունը՝ համեմված «գրավյալ» տարածքների, հայերի՝ «ադրբեջանցի անմեղ ժողովրդի նկատմամբ ոճրագործությունների պատմությամբ»:
Դրա ֆոնին շատերը կասեն, որ ունենք «Արարատ» ՖԱ, սակայն նորագույն պատմության մեջ միջազգային ասպարեզում նրա հաջողություններն առայժմ միայն խորհրդային հիշողություններով են սահմանափակվում։ Ունենք նաև «Արարատ-Արմենիա», որն ունի փայլուն մեկնարկ, բայց պատմություն դեռ նոր է կերտում։ Մյուս կողմից չունենք «Արցախ» անունը կրող և ոչ մի ակումբ, փոխարենը կա գեղեցիկ վերաբրենդավորված «Նոա» ակումբ, ինչպես նաև անհասկանալի, ոչ ֆուտբոլային զարգացումներով պարուրված «Երևան» ակումբ, որի գոյությունն արդեն հարցականի տակ է:
Ի դեպ, երբ մենք ունեցանք «Արցախ» ակումբը, դրա բացման ու շնորհանդեսի անդրադարձները հայտնվեցին ադրբեջանական մամուլում: Մեր հարևանները սկսեցին դրոշակ թափահարել այն մասին, որ հայերը փորձում են սադրել իրենց, որ փորձում են ձևախեղել պատմությունը:
ArmSport.am-ի՝ այս հարցի վերաբերյալ տարբեր հարցումներից կարելի է մի եզրահանգում անել. քաղաքական ու իրավական դաշտում Ադրբեջանի սադրիչ ու կամայական գործողությունների դեմ պայքարելը դժվար է, մենք միայն մի ուղի ունենք. մեր երկրում զարգացնել «Արցախ» ու «Երևան» անուններով երկու ակումբ: Բայց Ադրբեջանում պետական բյուջեից տարեկան միլիոնավոր գումարներ են հատկացվում «Քարաբաղին»: Մենք կամ պետք է շարունակենք վրդովվել ու պարտվել ֆուտբոլային այս պատերազմներում, կամ սկսենք պետական մակարդակով նույնպիսի «հակահարված» պատրաստել ու պաշտպանել մեր պատմության, մեր տեղանունների մարզական պատիվը: