Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով խաղաց «Արարատի» հետ: Խաղից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը ամփոփել է հանդիպումն ու մեկնաբանել մրցավարական որոշումները:
-Խաղում էին առաջատարները: Շատ մարտական, կոշտ խաղ էր խաղադաշտում: Մենք շատ արագ գոլ բաց թողեցինք ու ստիպված էինք ուժեղացնել ճնշումը, որպեսզի կարողանայինք բեկել խաղի ընթացքը: Տղաներն արեցին դա. ուժեղ ճնշման պայմաններում պահեր ստեղծեցին, գոլ խփեցին: Պարզապես կասեմ, որ եթե որոշ խաղերում մրցավարները սխալվում էին, ապա այսօր տեսանելի էր ինչ-որ կանխակալություն: Մի քանի պահեր կան, որոնցում մրցավարը պարզապես թույլ չտվեց զարգացնել գրոհը, ինչ-որ բաներ մտածեց, մաքուր 11-մետրանոցը չնշանակեց: Անկեղծ կասեմ, որ մեր մրցավարները գիտեն դատել, եթե մտածում եք՝ չգիտեն, սխալվում եք: Ես տեսել եմ՝ ինչպես են նրանք խաղեր դատում հավաքների ժամանակ: Բայց այստեղ, այդ դրվագներն ակնհայտ են, երբ հնարավորություն կա ինչ-որ բան ստեղծելու, անգամ վերջին պահին, երբ մենք գրոհում ենք, հնարավոր է գոլային պահ լինի, սուլիչ է հնչում: Այդպես կարելի՞ է: Դա կոտրեց խաղի ռիթմը: Այդ պահն անհասկանալի է:
— Առաջնության վերջին 6 խաղերում Ձեր թիմը միշտ առաջինն է գոլ բաց թողնում: Ճիշտ է՝ 3 խաղում հաջողվել է հաղթել: Ինչի՞ հետ եք դա կապում:
— Ես դա համարում եմ հանգամանքների դասավորություն: Եվ դա լավ նշան է, ոչ այն առումով, որ գոլեր ենք բաց թողնում, այլ այն, որ թիմը չի հանձնվում, խաղերը հասցնում ենք հաղթական ավարտի, թիմը ոչնչից ու ոչ մեկից չի վախենում, վստահ է իր ուժերին: Հասկանալի է, որ պետք է ամեն ինչ անել, որ գոլեր բաց չթողնենք:
— Առաջին խաղակեսի վերջնամասում Գեղամ Ղադիմյանը պատրաստվում էր խաղադաշտ դուրս գալ, բայց հետո դուրս չեկավ: Ինչ-որ դժգոհություն ունեի՞ք ֆուտբոլիստներից մեկից, թե՞…
— Մի քանի օր հարց կար աջ պաշտպանի՝ Տիագո Կոմետայի հետ: Բայց ընդմիջմանը բժիշկներն ասացին, որ նա կարող է շարունակել խաղը: Մտածում էինք Ղադիմյանին նրա փոխարեն դուրս բերել:
— Արտակ Գրիգորյանը, շատ վրդովվեց փոխարինվելիս: Կարծես՝ նա մինչ այդ փոխարինում էր խնդրել, բայց դա տեղի չէր ունեցել: Այդպե՞ս է, թե՞ ոչ:
— Այո, նա փոխարինում խնդրեց, բայց մենք խաղի ընթացքում հետևում էինք նրան ու նա վատ տեսք չուներ: Հնարավոր է՝ պետք է մի քիչ ավելի շուտ փոխարինեինք, բայց նա ոչնչով չէր զիջում: Վերջին պահին արդեն հարկադրված փոխարինում եղավ: Եվ հենց այդ պահին, երբ նա մաքուր սահանկում է կատարում, մաքուր վերցնում է գնդակը, ինչ-որ երկար դադար է լինում, մրցավարը երկար նայում է՝ ինչպես կարող է զարգանալ իրավիճակը, իսկ հետո սուլում է: Հնարավոր է՝ այդ դրվագում նա վնասեց ոտքը: Այդ դրվագում նա շատ լավ խաղաց, բայց մրցավարը սուլեց ու կասեցրեց գրոհը: Եզրային մրցավարն այդտեղ կանգնած էր: Եթե եզրայինին հարգում ես, նրան հարցրու: Նրանք լռում են, գրոհը զարգանում է, երևում է, որ կարող է ինչ-որ սուր գրոհ դառնալ ու սուլում են: