Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է ATP Ամփոփիչ մրցաշարից իր ունեցած սպասելիքներից: Մրցաշարը կկայանա նոյեմբերի 10-ից 17-ը, Լոնդոնում: Ավելի վաղ Ջոկովիչը զրկվել էր աշխարհի առաջին ռակետի կարգավիճակից՝ տեղը զիջելով Ռաֆայել Նադալին:
Մրցաշրջանի ավարտին ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական վերադառնալու համար Ջոկովիչը պետք է հաղթի մրցաշարը, ընդ որում, անհրաժեշտ է, որ Նադալը չհայտնվի կիսաեզրափակչում:
«Առաջին հորիզոնական վերադառնալը խելահեղ բարդ առաջադրանք է՝ հաշվի առնելով այն, թե ինչ մրցակիցներ եմ ունենալու ես: Եթե ինձ հաջողվի երկրորդ մրցաշրջանն անընդմեջ տարին ավարտել որպես աշխարհի առաջին ռակետ, դա ֆանտաստիկ կլինի: Հենց դա է իմ մոտիվացիան ու ամեն օրվա նպատակը», — Ջոկովիչի խոսքերն է մեջբերել Reuters-ը:
Ջոկովիչը ATP ամփոփիչ մրցաշարում հայտնվել է Բյորն Բորգի անվան խմբում: Այստեղ նրա մրցակիցները կլինեն Ռոջեր Ֆեդերերը, Դոմինիկ Տիմն ու Մատեո Բերետինին: