Այսօր` նոյեմբերի 7-ին կայացել է ՀՖՖ գործկոմի նիստ: Ավարտից հետո ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցին:
Ինչպես հայտնել էինք, ՀՖՖ պաշտոնյաները մասնավորապես Մեսրոպ Առաքելյանը և Արսեն Թորոսյանը կանոնակարգային բաց էին մատնանշել: Թեմային անդրադառնալով` Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՀՖՖ նախագահը իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ»:
Վանեցյանը արձագանքել է բարձրացված հարցերին.
«Իրականում որևէ խնդիր, երկրաշարժ չի եղել: Աղմուկը շատ բարձրացավ: Եղել է իրավական կազուս, որի համար ծառայողական քննություն է սկսվել: Համապատասխան աշխատակիցները կպատասխանեն հարցերին: Հունիսի 26-ին եղել է հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը: Ըստ կանոնադրության` հավաքականի մարզչի նշանակումը որոշում է ՀՖՖ նախագահը: Այդ ամենը պետք է մուտքագրվեր Պետական ռեգիստր: Ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրվել է հոկտեմբերի 25-ին: Ինձ ասել են, որ նոր մարզչի նշանակման հարց կա, բայց չեն տեղեկացրել, որ որոշումը դեռ հաստատված չէր»:
ՀՖՖ նախագահը փորձեց հանգստացնել վերջին շրջանում բորբոքված կրքերը.
«Այն բոլոր տեղեկությունները, որոնցով փորձում են սևացնել ինձ, իրականության հետ կապ չունեն: Կոչ եմ անում սատարել հայկական ֆուտբոլին»:
Խոսելով Խաշմանյանի նշանակման մասին Վանեցյանն ասել է․ «Հուսով եմ ՝ պարոն Խաշմանյանը հաղթանակներ կբերի ազգային հավաքականին: Հաջողություն եմ մաղթում այս բարդ և պատասխանատու գործում»: