Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակումը ՀՖՖ գործկոմի անդամների մոտ դժգոհություն էր առաջացրել միայն այն պատճառով, որ տեղի էր ունեցել կանոնակարգային և ընթացակարգային խախտում: Այսօր տեղի ունեցած գործկոմի նիստի ժամանակ ներկա 13 անդամները միաձայն քվեարկել են Խաշմանյանի թեկնածության օգտին:
Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանել է ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը:
-Երեկ ժամը 18:51-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում զետեղվեց տեղկատվություն առ այն, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ: Ըստ գործող կանոնակարգի՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարող ունենալ գլխավոր մարզիչ` առանց գործկոմի հաստատման: Գործկոմի նիստը հենց դրա մասին էր: Տեղի ունեցավ պատշաճ քվեարկություն և գործկոմի անդամները միաձայն կողմ քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի թեկնածության օգտին:
— Դուք երեկ Արթուր Վանեցյանի նշանակումը չակերտների մեջ էիք դրել: Ինչո՞ւ:
— Արթուր Վանեցյանի նշանակումը չակերտների մեջ չէի դրել: Դրել էի հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը: Եվ արդեն նշեցի, թե ինչու:
— Արթուր Վանեցյանի հնարավոր հրաժարականի հարցն արդյոք քննարկվե՞լ է: Նման մտադիրություններ կա՞ն և ինչպիսի՞ն է ընթացակարգն այս պարագայում:
— Հրաժարականի հետ կապված՝ գործկոմը ոչ մի լիազորություն չունի: Դա պետք է ընդհանուր ժողովը որոշի:
Արեն Մկրտչյանի հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում.