Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Երևանի Incourt թենիս ակումբում կայացավ Corporate Cup մրցաշարը։ Այն կազմակերպվել էր Incourt-ի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կողմից։
Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մի շարք ընկերություններ մասնակցեցին սպորտային այս հիասքանչ միջոցառմանը, որը թենիսային խելահեղ մթնոլորտ էր բերել Incourt թենիս ակումբում։
Մրցաշարին մասնակցում էին PicsArt ընկերությունը, «Կամուրջ» վարկային կազմակերպությունը, Dexatel ընկերությունը և իհարկե Armsport.am կայքը։ PicsArt-ը և Armsport-ը մրցաշարին ներկայացել էին երկու տարբեր թիմերով։
Լարված հանդիպումներ, էմոցիաներ, տրիումֆ, դրամա, իսկ վերջում տորթ ու շամպայն։ Հենց այսպես անցավ թենիսային խելահեղ օրը Incourt-ում։
Մրցաշարի հաղթող ճանաչվեց PicsArt 1 թիմը։ Բոլոր հինգ խաղերում նրանք կարողացան առավելության հասնել մրցակիցների նկատմամբ և արժանիորեն զբաղեցրին առաջին հորիզոնականը։
Երկրորդ տեղը զբաղեցրին Armsport 1 թիմի ներկայացուցիչները։ PicsArt 1-ի դեմ սկզբունքային խաղը որոշիչ դարձավ չեմպիոնության համար։ Armsport 1-ը, տանելով չորս հաղթանակ, արժանիորեն գրավեց երկրորդ տեղը։
Տպավորիչ խաղով աչքի ընկան նաև Armsport 2 թիմի ներկայացուցիչները։ Մրցանակային երրորդ տեղում հենց նրանք են։ Հատկանշական է, որ մրցաշարի վերջին խաղում միմյանց դեմ մրցում էին մեր կայքի երկու թիմերը։
Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին գավաթներով և մեդալներով։ Մրցաշարի բոլոր մասնակիցներին Incourt թենիսի ակումբը մասնակցության հավաստագրեր շնորհեց։
Արժանին է պետք մատուցել նաև PicsArt 2, «Կամուրջ» և Dexatel թիմերի ներկայացուցիչներին։ Լարված պայքարում բոլոր թիմերն էլ աչքի ընկան գերազանց մրցելույթներով։
Շամպայն, տորթ, հաճելի մթնոլորտ և սպորտային հարգանք միմյանց նկատմամբ։ Հենց այսպես ավարտվեց թենիսային խելահեղ օրը Incourt-ում։ Նշենք, որ Incourt թենիս ակումբն ու Հայաստանի թենիսի ֆեդերացիան պատրաստակամություն հայտնեցին, որ մրցաշարը շարունակական է լինելու։ Corporate Cup-ը հաջորդ տարի կանցկացվի ավելի ընդլայնված կազմով։
Արամ Սահակյան