Բաթումիում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Վերջին տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդ հորիզոնականը բաժանում է Գերմանիայի և Խորվաթիայի հետ։ Նախորդ տուրում, Ադրբեջանի նկատմամբ հաղթանակը մերոնց թույլ տվեց խառնվել մրցանակային պայքարին։ Վերջին տուրում, այսօր, մեր տղաները կմրցեն Հունաստանի հետ, որն այս պահին մրցաշարային աղյուսակում 8-րդն է։
Ցավոք, առաջատար 3 թիմերը մրցելու են տարբեր հավաքականների հետ և նրանց հաղթանակների դեպքում մրցանակային եռյակում մերոնք չեն կարող հայտնվել։
Ուկրաինան խաղալու է Խորվաթիայի, Ռուսաստանը՝ Լեհաստանի, իսկ Անգլիան կմրցի Գերմանիայի հետ։ Մեր ամենամեծ հույսը վերջին դիմակայությունից է։
Վերջին տուրից առաջ հավաքականի գլխավոր մարզիչը դժվար փոխի քառյակից ինչ-որ մեկին։ Ամենայն հավանականությամբ մերոնք հանդես կգան Արոնյան-Սարգսյան-Մելքումյան-Փաշիկյան քառյակով։
Կանանց հավաքականը նույնպես 4-րդ հորիզոնականում է, և այսօր, շունչներս պահած հետևելու ենք Ադրբեջան-Հայաստան դիմակայությանը։ Մեզ միայն ու միայն հաղթանակ է անհրաժեշտ եռյակ մտնելու համար։ Առաջատար ռուսները խաղալու են թուրքերի, իսկ երկրորդ հորիզոնականում գտնվող Վրաստանը խաղալու է իր երկրորդ թիմի հետ ։ Կասկած չի հարուցում, որ վրացիների առաջին թիմը կհաղթի, և մեզ մնում է միայն պայքարել երրորդ տեղի համար։
Հայաստանի կանանց հավաքականը հանդես կգա Մկրտչյան-Գևորգյան-Դանիելյան-Սարգսյան քառյակով։
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵՆՔ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻՆ․