VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Գանձասար-Կապանը» 2-1 հաշվով հաղթեց «Շիրակին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Կապանյան թիմի կազմում իր գոլերի հաշիվը բացեց 23-ամյա պաշտպան Աննան Մենսահը: Խաղից հետո ֆուտբոլիստը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին:
ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Մենք շատ աշխատեցինք։ Առաջին կեսի մեկնարկում շատ դանդաղ էինք գործում, ինչի արդյունքում էլ մրցակիցը կարողացավ հեշտությամբ գոլ խփել։ Ես ու թիմակիցս գոլի դրվագում միմյանց չհասկացանք, արդյունքում եղավ արագ հակագրոհ ու գոլ։ Բայց հետո աստիճանաբար կարգավորեցինք խաղը ու հասկացանք, որ կարող ենք կորածը հետ բերել ու գոլ խփել։ Հենց այդ միտքն էր պտտվում մեր գլխում առաջին կեսում։ Ընդունած գոլից հետո մենք ավելի համախմբվեցինք»։
ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ
«Հպարտ եմ, որ «Գանձասար-Կապանի» կազմում կարողացա իմ առաջին գոլը խփել, որովհետև դա այդքան էլ հեշտ չէր։ Գոլիս համար պետք է շնորհակալություն հայտնեմ Աստծուն, նաև աջակիցներիս ու ընտանիքիս, ովքեր միշտ իմ կողքին են։ Մի խոսքով շատ ուրախ եմ»։
ԹԻՄԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ես ամբողջությամբ ադապտացվել եմ թիմին։ Այնքան ուրախ եմ, որ նման թիմի ֆուտբոլիստ եմ։ Ուզում եմ օգնել թիմիս, որովհետև մենք մեկ ընտանիք ենք։ Այստեղ չեմ եկել պարտվելու կամ հիասթափվելու համար, այստեղ եմ՝ հաղթելու համար։ Մենք պետք է նվաճենք Հայաստանի գավաթը։ Չպետք է հանձնվենք։ Մեր միասնականության շնորհիվ կարող ենք հասնել այդ նպատակին»։