Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 1-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:
Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը՝ մրցումային առաջին օրը հանդես կգան 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային մարզիկները: Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ՝ Նորայր Հախոյան (55 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Վահե Պողոսյան (77 կգ), Ալբերտ Եղիկյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130կգ)։
Նորայր Հախոյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Սլավիկ Գալստյանը նույնպես պայքարի դուրս կգա 1/8-ից՝ մրցելով Հնդկաստանը ներկայացնող Ռաջեթ Ռաջեթի հետ: Վահե Պողոսյանը մայքարը կսկսի որակավորման փուլից՝ մրցելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ռենատ Իլիազ Ուուլուի հետ: Որակավորման փուլից է սկսելու նաև Ալբերտ Եղիկյանը՝ մրցելով Ղազախստանը ներկայացնող Բաուրժան Մուսսինի հետ: Դավիթ Օվասապյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչում՝ մրցելով Ռումինիան ներկայացնող Լենարդ Իստվան Բերեիի հետ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում ԱԱ-ին մեկնել են նաև Արմեն Մելիքյանը (60 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արման Վարդանյանը (82 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և ելույթն ավարտել էր առանց մեդալի: