«Լոս-Անջելես Գելաքսիի» գործադիր տնօրեն Դենիս տե Կլոզեն պատմել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ բանակցություններ անցկացնելու մտադրության մասին. շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս տարվա վերջին:
«Ես վաղուց եմ ծանոթ Իբրահիմովիչի հետ ու գիտեմ, որ իմ խնդիրը նրա հետ միևնույն սեղանի շուրջ նստելն է մրցաշրջանի ավարտից հետո, երբ իրավիճակն ավելի հանգիստ կլինի, ու որոշելը, թե ինչը լավ կլինի նրա, նրա ընտանիքի, մարզավիճակի և մեզ համար:
Դուք բոլորդ գիտեք Զլատանին. նա ունիկալ մարդ է: Կարծում եմ` նա այս տարի մեզ օգնել է`հաշվի առնելով տպավորիչ քանակով գոլերը:
Անկասկած, այս ամենի մասին մենք կխոսենք հաջորդ շաբաթ, երբ նա կվերադառնա: Այս առումով Իբրահիմովիչը շատ իմաստուն մարզիկ է, քանի որ առաջին հերթին մենք կխոսենք որպես հասուն մարդիկ: Իսկ հետո կորոշենք, թե որը կլինի լավագույն որոշումը բոլոր կողմերի համար»,- տե Կլոզեի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 38-ամյա շվեդ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Իտալիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին» և «Ինտերը»: