«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է երկրպագուների հետ կոնֆլիկտից հետո թիմի ավագ Գրանիտ Ջակայի վիճակի մասին: Հիշեցնենք՝ «Քրիսթալ Փելասի» հետ 10-րդ տուրի խաղում (2-2) շվեյցարացու փոխարինումից հետո երկրպագուները սկսել էին սուլել: Ի պատասխան՝ 27-ամյա կիսապաշտպանը գրողի ծոցն էր ուղարկել երկրպագուներին:
«Գրանիտի ու թիմի համար դժվար էր: Հիմա նա տխուր է, կոտրված ու հիասթափված: Մենք խոսել ենք նրա հետ: Առավոտյան նա մարզում անցկացրեց թիմի հետ, բայց ակնհայտ էր, որ ճնշված է: Գրանիտը նվիրված է ակումբին, նա միշտ ցանկանում է օգնել «Արսենալին»: Նրա պահվածքը մարզումներին, ակումբում և թիմակիցների հետ եղել է իդեալական: Նա գիտի, որ սխալ է վարվել: Նա սրտով զգում է դա, ու դա նորմալ է մարդու համար:
Մեզնից յուրաքանչյուրն ունի երկրպագուների աջակցության կարիքը: Աջակցեք նրան, աջակցեք թիմին: Մենք պետք է արժանապատվորեն ընդունենք քննադատությունը, դա մեր աշխատանքի մի մասին է: Կարծում եմ՝ Գրանիտը պետք է ներողություն խնդրի: Մենք նրան առաջարկել ենք անել դա», — Էմերիի խոսքերն է մեջբերել «Արսենալի» պաշտոնական կայքը: