Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում ՊՍԺ-ն ջախջախել է «Մարսելին» 4:0 հաշվով: Հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:
Խաղի հաշիվն արդեն 10-րդ րոպեին բացել է Մաուրո Իկարդին: Առաջին կեսի միջնամասում Իկարդին երկրորդ գոլն է ուղարկել մրցակցի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ:
32-րդ րոպեին խփած գնդակով աչքի է ընկել Կիլիան Մբապեն, որն երկրորդ կեսի վերջնամասում նույնպես դուբլ է ձևակերպել` հաշիվը դարձնելով խոշոր:
ՊՍԺ-ն, վաստակելով 27 միավոր, գլխավորում է ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: «Մարսելը» 16 միավորով 7-րդ տեղում է:
Հաջորդ տուրում փարիզյան թիմը հյուրընկալվելիս կմրցի «Դիժոնի» հետ: Խաղը կկայանա նոյեմբերի 1-ին: «Մարսելը» սեփական հարկի տակ կընդունի «Լիլին». այդ խաղը կկայանա նոյեմբերի 2-ին: