«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ցանկանում է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը բաց թողնեն հավաքականների նոյեմբերյան խաղերը կատալոնական ակումբի խիտ գրաֆիկի պատճառով: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Վալվերդեն այդ մասին ֆուտբոլիստներին հրապարակավ չի խնդրի, բայց հույս ունի, որ նրանք նախապատվությունը կտան ակումբին, որը նոյեմբերի վերջից մինչև տարեվերջ 8 խաղ ունի անցկացնելու 28 օրվա ընթացքում՝ ներառյան Իսպանիայի առաջնության խաղերը «Աթլետիկոյի» ու «Ռեալի» հետ: Այս կապակցությամբ մարզիչը ցանկանում է, որ իր տրամադրության տակ լինեն առավելագույնս թարմ խաղացողներ:
Արգենտինայի հավաքականում 32-ամյա Մեսսիի որակազրկումն ավարտվում է նոյեմբերի 3-ին: Նոյեմբերին «Ալբիսելեստեն» 2 ընկերական հանդիպում ունի Բրազիլիայի (նոյեմբերի 15) և Պարագվայի (նոյեմբերի 18) հավաքականների հետ: Ուրուգվայի հավաքականը նոյեմբերի 15-ին ընկերական խաղ ունի Հունգարիայի ընտրանու հետ: