Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղային երրորդ օրը ավարտված է։ E խմբում «Գենկը» հյուրընկալել էր լիգայի գործող գավաթակիր «Լիվերպուլին», իսկ Ավստրիայում «Զալցբուրգը» ուժերն էր չափում «Նապոլիի» հետ։
Յուրգեն Կլոպի թիմը առանց դժվարության կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ «Մերսիսայդցիների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։ Մեկական անգամ աչքի ընկան Սադիո Մանեն և Մոհամեդ Սալահը։ Տանտերերի կազմում էլ աչքի ընկավ Ստեֆեն Օդեյը։ «Կարմիրները» հաղթեցին 4-1 հաշվով։
«Նապոլին» լարված մրցավեճում հաղթեց «Զալցբուրգին»։ 17-րդ րոպեին հյուրեին առաջ մղեց Դրիս Մերտենսը։ Մինչ ընդմիջման գնալը Էրլինգ Հալանդը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Երկրորդ կեսում 64-րդ րոպեին Դրիս Մերտենսը դարձյալ առաջ մղեց «Նապոլիին»։ 72-րդ րոպեին Հալանդը դարձյալ հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Մեկ րոպե անց Լորենսո Ինսինյեն խփեց հաղթական գնդակը։ Արդյունքում Իտալիայից ժամանած հյուրերը հաղթեցին 3-2 հաշվով։
Այս արդյունքներից հետո E խմբում առաջատարը «Նապոլին» է։ Կառլո Անչելոտիի սաները 7 միավոր են վաստակել։ «Լիվերպուլը» երկրորդն է 6 միավորով։ «Զալցբուրգը» 3 միավոր ունի, «Գենկը»՝ 1։