ՀՀ Կառավարությունը 20 միլիոն դրամ կհատկացնի նախկին ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մելինե Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի նկարահանման համար:
Ինչպես հայտնի է, Դալուզյանն ամուսնացած է իգական սեռի ներկայացուցչի հետ, ապրում է Նիդեռլանդներում:
ՀՀ Ազգային կինոկենտրոն ներկայացված բազում նախագծերից 65-ի հետ մեկտեղ նախապատվություն է տրվել նաև ռեժիսոր Իննա Սահակյանի «Մել» ֆիլմին:
Ազգային կինոկենտրոնի առաջնային գործառույթներից է զարգացնել հայկական կինոարվեստը՝ ուշադրության կենտրոնում պահելով ազգային ու համազգային հիմնախնդիրները։
Ի՞նչ արժեքներ է մատուցելու այս ֆիլմը և ինչ չափորոշիչներով է ուղղորդվել Ազգային կինոկենտրոնը՝ պետական ֆինանսավորում հատկացնելով «Մել» ֆիլմին։ Կինոկենտրոնի ֆինանսարատադրական հարցերով փոխտնօրեն Վարդան Աբովյանը Armsport.am-ի հարցին ի պատասխան նշում է, որ ֆինանսավորման համար նախագծերի ընտրությունը հիմնված է բացառապես նախագծերի գնահատման փորձագիտական հանձնախմբի որոշման վրա։
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, որի նախագիծն ի դեպ մերժվել է այս վերջին մրցույթում, Armsport.am-ի հետ զրույցում նկատում է, որ այստեղ ոչ մի պրովոկացիա չկա։
«Մելինե Դալուզյանի կյանքի պատմությունը, կարծում եմ, հետաքրքիր կլինի: Եթե ես լինեի տվյալ հանձնախմբում, չի բացառվում, որ կողմ կքվեարկեի այդ նախագծին: Այդ ամենը զուտ մարդկային պատմություն է։ Անձամբ ինձ հետաքրքիր կլինի տեսնել այդ մարդու պատմությունը: Մյուս կողմից ընդունում եմ, որ կան սոցիալական մի շարք խնդիրներ, որոնք նույնպես կարևոր են: Միանշանակ, սեռափոխ եղած մարդու մասին ֆիլմը Հայաստանում դեռ վաղ է, բայց սա այդ դեպքը չէ: »,- ասաց Բաղդասարյանը:
ՀՀ անկախությունից ի վեր հայկական սպորտում մի շարք փառահեղ հաջողություններ ենք ունեցել․ Օլիմպիական չեմպիոններ, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից մեդալներ, շախմատի հավաքականի փառահեղ արդյունքներ, ֆուտբոլիստների մեծ նվաճումներ․․․․
Armsport.am-ը դժվարացավ հիշել սպորտի, մարզիկի մասին պատմող որևէ ֆիլմ, որը նկարահանվել է պետական միջոցներով: Նույնիսկ, եթե «Մել» ֆիլմը ընտրվել է, որպես մարդկային պատմություն, արդյո՞ք դա այն ֆիլմն էր, որ պիտի աջակցություն ստանար պետական միջոցներից և արդյո՞ք պակաս արժեքավոր ֆիլմի սցենար կդառնար մեր փառահեղ չեմպիոնների անցած ուղին։