Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականի պահից պետք է մտածել նոր գլխավոր մարզչի ընտրության մասին: Շատ շուտով` նոյեմբերի 15-ին և 17-ին մեր ազգային ընտրանին անցկացնելու է Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին հանդիպումները:
Այս խաղերը լավ հնարավորություն են հետագա ծրագրերի մասին պատկերացում կազմելու համար:
Armsport.am-ն առանձնացրել է հավանական թեկնածուներին, ովքեր կարող են գլխավորել Հայաստանի հավաքականը.
Անտոնիո Ֆլորես
Ըստ երևույթին` առաջիկայում Հայաստանի հավաքականը գլխավորելու է մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե նոր մարզչի ընտրությունը ով է կատարելու: Եթե որոշում է Մելենդեսը, ապա հավանական է Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի թեկնածությունը: Ֆլորեսը ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի թիմակիցն է բոլոր առումներով: Ժամանակն իրոք քիչ է, և հապճեպ որոշում կայացնելու դեպքում այս մասնագետին նախապատվությունը տալու հավանականությունը մեծ է:
Իսպանացու գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2021-ի որակավորման փուլում 1 հաղթանակ է տարել (Լյուքսեմբուրգի նկատմամբ` 1:0) և կրել 3 պարտություն` (Իռլանդիայից` 0:1, Իսլանդիայից 1:6 և Իտալիայից 0:1):
Խանգարող հանգամանք
Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 14-ին և 19-ին Եվրո-2021-ի որակավորման փուլի հերթական հանդիպումներն է անցկացնելու: Եթե ազգայինում նախապատվությունը տրվի Ֆլորեսին, ապա կփոխվի նաև երիտասարդականի գլխավոր մարզիչը: Այս հանգամանքը նվազեցնում է շանսերը, որ ընտրությունը կանգ կառնի իսպանացու վրա:
Վարդան Բիչախչյան
Վերջին տարիներին Հայաստանի ամենակայուն մարզչի անունը շատ է կապվում Հայաստանի հավաքականի հետ: Գիտենք, որ նախկինում գյումրեցի մասնագետը տարբեր տարիքային հավաքականներում աշխատանքի անցնելու բազում տարբերակներ է մերժել:
Դժվար է ասել` այժմ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ: Միայն Բիչախչյանը գիտի, թե ինչ կարծիք և մոտեցում ունի: Ամեն դեպքում, հարկ է նշել, որ անցումային ժամանակահատվածի համար նա կարող է իրեն արդարացնել և միգուցե հետագայում նաև հավաքականում փայլի Բիչախչյանի աստղը:
Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանի հավաքականին կայունություն է հարկավոր: Դրան հասնելու ճանապարհների մասին շատերն են իմացել, բայց քչերն են կարողացել: Այն, որ Վարդան Բիչախչյանն իր ունակություններով կարող է, այդտեղ ոչ մի կասկած չկա: Այլ հարց է, թե ինչպես կստացվի. լավ գիտենք, թե ակումբում և հավաքականում աշխատանքն ինչ տարբերություններ ունի:
«Շիրակը» Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում լավ է հանդես գալիս և «Արարատի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Խինես Մելենդես
Մինչև նոր մարզչի հետ պայմանավորվելը, առաջիկա խաղերում հավաքականը հնարավոր է մարզի նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը: Ենթադրելի է, որ մեր հավաքականի ապագա գլխավոր մարզիչը ունենալու է այն փիլիսոփայությունն ու ռազմավարությունը, որն ունեն Մելենդեսի անձնակազմի անդամները, կամ նվազագույնը համաձայնեցված են որոշումների հետ: Քանի որ քիչ է հավանականությունը, որ նոր գլխավոր մարզիչը կհամաձայնի այս փուլում ստանձնել ղեկը, ուստի Մելենդեսը կարող է «հող նախապատրաստել» եկողի համար: Ըստ երևույթին՝ Մելենդեսի թեկնածությունը դիտարկվում է որպես «վերջին տարբերակ»:
Այլ տարբերակներ
Ներկա իրավիճակը թույլ չի տալիս կարծել, որ Աբրահամ Խաշմանյանը դիտարկվում է որպես թեկնածու: Հասկանալի է, որ համենայն դեպս այս փուլում բացառված է Վարդան Մինասյանի վերադարձը:
Հավանական անուններ «փնտրելիս» Բիչախչյանից բացի կարելի է դիտարկել նաև Ռաֆայել Նազարյանին: Խինես Մելենդեսի և Նազարյանի տեսլականները մի շարք ընդհանրություններ ունեն: Հատկապես այս փուլում հայ մասնագետն իրապես կարող է օգուտ տալ հավաքականին: Հիշեցնենք, որ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը մինչ այժմ իր լավագույն արդյունքն է գրանցել՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում խմբում գրավելով 3-րդ հորիզոնականը: Նազարյանն այժմ գլխավորում է նորակազմ ԲԿՄԱ-ն:
Չի կարելի բացառել արտասահմանցի մարզիչ հրավիրելու տարբերակը: Ֆուտբոլում շատ են դեպքերը, երբ կողմերը կարճ ժամանակահատվածում են ընդհանուր հայտարարի գալիս: Դրական կողմն այն է, որ նոր մարզչի համար լավ առիթ կլինի ծանոթանալու հավաքականին և երկար ժամանակ ունենալու հաջորդ ընտրական փուլին պատրաստվելու համար:
Արման Առաքելյան