Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով։ Այս մասին հաղորդում է EI Chiringuito-ն։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ մադրիդցիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձեն ձեռք բերել լեհ ֆուտբոլիստին։ Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանի 13 խաղում խփել է 18 գոլ։ Նա ՉԼ 3-րդ տուրի՝ «Օլիմպիակոսի» հետ խաղում դարձել է դուբլի հեղինակ։ Իսպանական պարբերականը պնդում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձամբ է հետաքրքրված հարձակվողի տեղափոխությամբ։ Զիդանը գոհ չէ թիմի հարձակվողական գծի ագրեսիայից ու 31-ամյա Լևանդովսկին կարող է ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Ենթադրվում է, որ Լևանդովսկու տրանսֆերային արժեքը կկազմի մոտ 75 մլն եվրո։ Միևնույն ժամանակ մադրիդցիները ցանկանում են վաճառել մի շարք խաղացողների։