Եվրոպայի հերթական առաջնությանը չենք մասնակցի: Եվրո-2020-ը հեռացավ: Թե ինչքան մոտ էր, թե ինչքան էինք ուզում, արդեն էական չէ:
Ինչպես յուրաքանչյուր մրցափուլում, այնպես էլ այս անգամ մեծ հավատով և ըստ բոլոր ասուլիսների և նախապատրաստական փուլերում հնչեցրած մտքերի՝ մենք հզոր ենք, մենք պայքարելու ենք, մենք հաղթելու ենք:
Ոչ, պարոնայք: Ցավոտ պարտությունից հետո հարմար առիթ է գնահատական տալու, կարևոր որոշումներ կայացնելու և առաջ շարժվելու համար:
Մարզիչ
«Կփորձենք ավելի ագրեսիվ խաղալ՝ ցույց տալով մեր լավագույն խաղերից մեկը: Համախմբված կլինենք և կհասնենք հաղթանակի». Ֆինլանդիայի հետ հանդիպման նախօրեին ասել էր Արմեն Գյուլբուդաղյանցը: Ցավալի է, բայց ոչ ագրեսիվ խաղ տեսանք, շատ մեղմ ասած՝ մեր լավագույն խաղերից չէր, համախմբված չէինք, դե իսկ ոչ էլ հաղթեցինք:
Վերջին 2 հանդիպումները հարցեր են առաջացնում: Միգուցե Գյուլբուդաղյանցը և իր մարզչական շտաբը սպառե՞լ են իրենց, հնարավոր է նաև հակազդող դեպքերին՝ Մխիթարյանի և Հովհաննիսյանի վնասվածքներ, պատրաստ չէինք: Ֆուտբոլում գործոնները շատ են, պետք է հստակ իմանալ, թե սրերը ում կամ որոնց պետք է ուղղել: Սա ազգային հավաքականն է և տվյալ պահին ով կրում է ՀՀ զինանշով համազգեստները, արժանի է մեծ հարգանքի. այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
Գյուլբուդաղյանցն իր մարզչական շտաբով մեծ աշխատանք է կատարել և կատարում, անմոռանալի պահեր է պարգևել հայ ֆուտբոլասերներին, այժմ չի պարգևում, հիանալի ֆուտբոլ ենք տեսել, որը այժմ չենք տեսնում:
Համաշխարհային ֆուտբոլում մարզիչները թիմերի և հավաքականների ղեկին փոխվում են մեծ արագությամբ: Ֆուտբոլային չգրված կանոնները պարզ են՝ մարզիչը պայմանագիրը ստորագրելու պահից պետք է պատրաստ լինի ազատման դիմումը գրելուն: Այսպիսին է ֆուտբոլը, և պետք է հաշվի նստել:
Այլ հարց է, երբ մարզիչը ակումբ է մարզում: Կարող են փիլիսոփայությունները, գաղափարներն ու մոտեցումները, ավելի վաղ տրված խոստումները չհամընկնել: Բայց երբ խոսքն ազգային հավաքականի մասին է, այստեղ ամեն ինչ այլ է: Եթե տվյալ երկրի քաղաքացին գլխավորում է հավաքականը, ապա եթե այլ տարբերակն ազգային թիմին ավելի օգտավետ կլինի, նա պետք է հեռանա: Սեփական երկրի հավաքականը ավելի լավը տեսնելու համար մասնագետը կարող է նման քայլի գնալ:
Կարևոր հարց, որին այս կոնտեքստում պետք է անդրադառնալ. կարծիքները շատ են, որ բարձրակարգ մարզիչը այս հավաքականի հետ հաջողությունների չի կարող հասնել: Այստեղ պետք է ուսումնասիրել միջազգային ֆուտբոլի այն դեպքերը, երբ թույլ հավաքականները բարձրակարգ մարզիչների հետ առաջ են գնում: Կարևորը համակարգն է, որը թելադրում է մարզիչը և իր շտաբը: Երբ այդ համակարգը ամուր է, հիմնված է լուրջ հաշվարկների, ամենակարևորներից մեկը՝ մրցակցի խաղը անասելի լրջությամբ ուսումնասիրելու վրա, ապա այդ համակարգում անգամ բարձրակարգ առաջնությունում հանդես չեկող ֆուտբոլիստը կարող է բարձրակարգ գործել: Դե Բիազին Ալբանիայի հետ դուրս եկավ Եվրոպայի առաջնություն: Այո, հնարավոր է ասեն, որ նույն Դե Բիազին չհամաձայնեց գլխավորել մեր հավաքականը, բայց դա թիմի «մեղքը» չէ, այլ բանակցողների: Հասկանալի է, որ հնարավոր է մտքերը նույն առվով չհոսեն, պահանջները բարձր լինեն, բայց Դե Բիազիով աշխարհը չի ավարտվում… կան մասնագետներ, որոնք կարող են մեր հավաքականին առաջ տանել:
Այժմ ամենևին պարզ չէ, թե հաջորդ խաղերին Գյուլբուդաղյանցն ինչպես է մոտիվացնելու ֆուտբոլիստներին: Իրավիճակ է, երբ հաղթանակը այլևս որոշիչ չէ, քանի որ սպասումները ի սկզբանե շատ մեծ էին:
Չհաղթելու, պարտվելու պատճառները բազում են, արդարանալ միշտ կարելի է, մի՛շտ: Եկել է ժամանակ, երբ հայ ֆուտբոլասերը առավել քան պահանջատեր է: Եղանակի հետ փոխվող մարզիչների քանակից ամեն ինչ լսել ենք:
Վարուժան Սուքիասյանը մի օր անգամ լրագրողներին մեղադրեց վատ մթնոլորտի համար…: Վերջին տարիներին ամենաքիչ արդարացումները լսել ենք Բերնար Շալանդից: Չի կարելի ասել, թե նա բարձրակարգ մարզիչ է, բայց նրա գլխավորությամբ Կոսովոյի հավաքականը իր խմբում 3-րդն է (5 հավաքականների խմբում) 11 միավորով, ընդամենը 1 միավոր է զիջում Չեխիային և 5 միավոր՝ առաջատար Անգլիային: Կոսովոյի ընտրանին զարմացնում է աշխարհին, իսկ ասուլիսներում տեսնում ենք Շալանդ-«գազանին», ով նոր բան է տալիս տվյալ երկրի ֆուտբոլիստներին և ժողովրդին:
Մենք նույնպես նոր բաներ ենք ուզում լսել, մենք ուզում ենք առաջ գնալ: Լիխտենշտեյնին չհաղթելուց հետո ոչնչի էլ չենք կարող հասնել: Պետք են ժամանակներ, երբ այդպիսի գաճաճ հավաքականներին պետք է պարզապես հաղթել, աչքերը փակ հաղթել…: Եթե ցանկանում ենք մի օր հանդես գալ ԱԱ-ում կամ ԵԱ-ում, պետք է մեծ հեռավորության վրա լինել լիխտենշտեյններ չհաղթելուց:
Ի՞նչ անել
Ուկրաինայի հավաքականը ԱԱ-2018-ի ուղեգիր ձեռք չբերեց: Այո, քննադատում էին Շևչենկոյին, բայց նրան չհեռացրին, նա էլ չհեռացավ: Ուկրաինայի ազգային թիմը Եվրո-2020-ի որակավորման փուլի B խմբում 7 խաղից հետո 6 հաղթանակով և 1 ոչ-ոքիով արդեն իսկ ապահովել է առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով Պորուգալիայից և Սերբիայից…: Սա նշանակում է, որ ուկրաինացիներն ունեին հստակ տեսլական: Արդյոք մենք ունե՞նք դա: Գյուլբուդաղյանցին պաշտոնանկ չանելու դեպքում նրանից սպասումները հազարապատիկ են լինելու. սա պետք է բոլոր կողմերը հաշվի առնեն: Արդյոք մենք կարո՞ղ ենք անել դա… պետք է հստակ պատասխան:
Մյուս տարբերակը՝ այս պահից սկսել բանակցել արտասահմանցի բարձրակարգ մասնագետի հետ:
Որոշումներ կայացնելուց առաջ պետք է ծանրութեթև անել, հասկանալ բոլոր հարցերը, ուշադրություն դարձնել մանրուքներին: Հայաստանի հավաքականի և հայկական ֆուտբոլի համար որոշիչ ժամանակահատված է, այժմ սխալվել ուղղակի չի կարելի:
Արման Առաքելյան