Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում երեկ` հոկտեմբերի 14-ին, Հայաստանի Մ21 հավաքականն ընդունել էր Իտալիայի իրենց տարիքայինների ընտրանուն: Աստղային անուններ պարունակող մրցակցի դեմ խաղում մեր հավաքականը թեև նվազագույն հաշվով պարտություն կրեց, բայց մինչև վերջ հավասարը հավասարի կռիվ տվեց դաշտում:
Խաղից հետո լրագրողների հետ զրույցում մեր թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ևս նույն կարծիքը հայտնեց` ասելով, որ մարզիչը խաղից առաջ խաղացողներին շատ էր ոգևորել ու բոլորը տեսան, որ մեր թիմը մրցակցին չէր զիջում:
«Մենք գիտեինք` ում հետ ենք խաղալու: Կարծում եմ` Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկն է Իտալիայի ընտրանին: Լուրջ էինք պատրաստվել: Դուրս էինք եկել հաղթելու, ցանկությունը մեծ էր: Ցվաոք, չստացվեց»:
Չնայած պարտությանը` Բիչախչյանը շնորհակալություն հայտնեց թե’ մարզիչներին, թե’ տղաներին անմնացորդ նվիրման համար:
«Այս խաղում գոնե մեկ միավոր պետք է վաստակեինք: Բայց պետք չէ գլուխներս կախել, դրա պատճառը չկա: Արժանապատիվ խաղ ենք ցույց տվել ու միայն ափսոսանք կա, ուրիշ ոչինչ»,- հավելեց նա:
Բիչախչյանն ասաց, որ հավատում էին, որ կարող են խաղալ Իտալիայի դեմ, կենտրոնացել էին մեր թիմի խաղի վրա, ոչ թե մրցակցի ով լինելու:
«Չնայած, որ մրցակցի կազմում որակյալ խաղացողներ կային, բայց «դուխի» հաշվին ուզում էինք նորից ուրախացնել մեր ազգին, ցավոք, չստացվեց: Մեր երկրպագուներին ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել: Նրանց աջակցությունը զգում էինք մինչև վերջին րոպեն, նրանք էլ մեզ պես հավատում էին, որ կարող էինք խաղալ Իտալիայի դեմ»,- իր խոսքը եզրափակեց Վահան Բիչախչյանը: