ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան հայտնել է, որ կազմակերպությունը կքննարկի 2019/20 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայրը տեղափոխելու կոչերը, որը պետք է տեղի ունենա Ստամբուլում (Թուրքիա):
Բազում փորձագետներ ու երկրպագուներ ՈՒԵՖԱ-ին կոչ են անում զրկել Ստամբուլը եզրափակիչ խաղի անցկացման իրավունքից Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու պատճառով։ Բացի այդ, դժգոհություն է առաջացնում նաև Թուրքիայի հավաքականի գոլերի տոնումը. ազգային թիմի ֆուտբոլիստներն արդեն երկու անգամ օգտագործել են ռազմական ողջույնը։
«Մենք կաշխատենք մեր իրավասության ներքո՝ հարգելով սպորտի ինքնավարությունն ու անկախությունը։ Բայց, իհարկե, մենք չենք կարող փոխարինել ՄԱԿ-ին, Եվրամիությանը կամ ԱՄՆ-ին, դիվանագետներին և քաղաքական գործիչներին:
ՈՒԵՖԱ-ի որոշումները կընդունվեն կազմակերպության ղեկավարության և նախագահի հետ խորհրդակցություններից հետո», — Ուվայի խոսքը մեջբերում է Tuttomercatoweb-ը: