Ֆիննական փոքրիկ Տուրկու քաղաքի անդորրը չի խաթարում անգամ եվրոպական մակարդակով մեծ ֆուտբոլային հանդիպումը։ Ինչ խոսք, տանտերերի՝ Ֆինլանդիայի ընտրանու, ու Հայաստանի հավաքականի միջև հանդիպումը լինելու է եվրոպական գլխավոր դիմակայությունների շարքում, սակայն դա առհասարակ չի խանգարում, որպեսզի քաղաքի մոտ երկու հարյուր հազար բնակիչները շարունակեն ապրել այնպես, ինչպես նախորդ օրերին։
Քաղաքում չես նկատի որևէ ցուցանակ այն մասին, որ քաղաքին բաժին է հասել ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Ֆինլանդիայի հավաքականի համար ամենավճռական հանդիպումներից մեկը։
Խոսակցություններ կան անգամ, որ Ֆինլանդիայի ֆեդերացիան լրջորեն սկսել է մտածել հարցի շուրջ, թե ինչու է ժամանակին սխալ որոշում կայացրել՝ Հայաստանի հետ հանդիպումը տալով Տուրկուի պես համեստ քաղաքին։ Քաղաքի փոքրիկ ստադիոնը հազիվ կարողանա տեղավորել բոլոր ցանկացողներին։ Իսկ հանդիպմանը ներկա գտնվել ցանկացողները, իրավամբ, շատ են։
Հուսանք, որ արդյունքում Ֆինլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սխալ որոշումը ի նպաստ մեզ կաշխատի, և մեր երկրպագուների ձայնը կլսվի այնքան բարձր, որքան Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում էր։
Ամբողջական ֆոտոշարքին կարող եք ծանոթանալ այստեղ.
Գևորգ Ղազարյան` Տուրկուից