«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հունվարին կարող է հեռանալ ակումբից։
Calciomercato-ն գրում է, որ սերբ ֆուտբոլիստը կարող է հետևել իր նախկին խաղընկերներ Ռոմելու Լուկակուի և Ալեքսիս Սանչեսի քայլերին ու կարիերան շարունակել Միլանի «Ինտերում»։ 2020 թվականի հունիսին Մատիչի պայմանագրի ժամկետը լրանում է, այդ իսկ պատճառով «կարմիր սատանաները» հնարավոր է ձմռանը բաց թողնեն նրան, որպեսզի որոշակի գումար ստանան նրա վաճառքից։
«Ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, չնայած թիմի հաջող մեկնարկին նոր մրցաշրջանում, կարծում է, որ թիմին անհրաժեշտ է պաշտպանողական ոճի կիսապաշտպան, ով կկարգավորի թիմի խաղը դաշտի կենտրոնում։
Մատիչը հանդես է գալիս ՄՅՈւ-ի կազմում 2017 թվականից։