Ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին՝ կարծիք հայտնելով, որ բելգիացի ֆուտբոլիստը չի կարող փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին։
«Ազարը աստղ է լինելու «Ռեալում», սակայն նա չի ստանալու այն ազատությունը, որը առաջացել է Ռոնալդուի հեռանալուց հետո։ Ազարը վճռելու է խաղի ելքերը, բայց նա Ռոնալդուի պես մեկ մրցաշրջանում 50 գոլ չի խփելու։ «Ռեալին» ևս մեկ հարձակվող է անհրաժեշտ, քանի որ Բենզեման արդեն 32 տարեկան է։ Եթե թիմում ևս մեկ հարձակվող լիներ, ով կխաղար նրա կողքին, գուցե գործերը ավելի լավ լինեին։
Ազարը եզակի ֆուտբոլիստ է, ով կարողանում է բազմաթիվ պահեր ստեղծել ու երբեմն նաև եզրափակել դրանք։ Նրա ֆիզիկական պատրաստությունը գերազանց վիճակում է։ Չեմ կարծում, թե արդեն տեսել ենք իրական Ազարին»,-Վենգերի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։
Էդեն Ազարը Լա լիգայի 8-րդ տուրի «Գրանադայի» դեմ խաղում խփեց իր առաջին գնդակը «արքայական» ակումբի կազմում։