«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն ու «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին կարող են հրավիրվել Իտալիայի հավաքական՝ հրաժեշտի խաղ անցկացնելու համար:
Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը: Սա տեղի կունենա միայն Եվրո-2020-ի ուղեգիր ստանալուց հետո:
Բուֆֆոնը Իտալիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է:
Նրա ակտիվում 176 հանդիպում կա: Երկու ֆուտբոլիստն էլ 2006 թվականին դարձել են աշխարհի չեմպիոն:
Եվրո-2020-ի ընտրական փուլի 6 տուրից հետո Իտալիայի հավաքականն, իր ակտիվում ունենալով 18 միավոր, գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ընտրանին:
Բուֆֆոնն ու Դե Ռոսին առաջիկա խաղերին մասնակցելու համար չեն հրավիրվել հավաքական, իսկ հաջորդ շրջափուլում Իտալիան տանը կխաղա Հայաստանի հետ:
Այսպիսով, նոյեմբերի 18-ին Պալերմոյում կայանալիք Իտալիա-Հայաստան խաղն էլ կարող է դառնալ այս լեգենդար ֆուտբոլիստների հրաժեշտի խաղը: