Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող բռնցքամարտի A կարգի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթական մրցելույթները:
Մրցավայր մեկնած մեր 8 մարզիկներից 7-ն արդեն կիսաեզրափակչում են, հայտնում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Այսօր գեղեցիկ հաղթանակներ են տարել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 63 կգ քաշային Կարեն Տոնականյնաը:
Մարությանի մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ապոնչուկն էր, որին հայ բռնցքամարտիկը ոչ մի շանս չի տվել: 3-րդ ռաունդում մեր մարզիկը մրցակցին երկու անգամ ենթարկել է նոկդաունի և Ուկրաինան ներկայացնող բռնցքամարտիկի մարզիչները ստիպված էին իրենց սանին դուրս բերել ռինգից:
Մրցակցին մեծ առավելությամբ հաղթել է նաև 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով մրցում էր Յուրի Սեպելյուկի հետ: Տոնականյանը բոլոր ռաունդներում ունեցել է նկատելի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նրա ուժգին հարվածից հետո մրցավարը նույնիսկ հաշիվ է բացել:
Այսպիսով 7 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն 7 բրոնզե մեդալ:
Նրանք հոկտեմբերի 11-ին կանցկացնեն կիսաեզրափակիչ մենամարտերը՝փորձելով նվաճել եզրափակիչի ուղեգիր:
Տեղեկացնենք, որ բռնցքամարտիկների հետ մրցավայր է մեկնել նաև բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: