«Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին ներողություն է խնդրել Ա Սերիայի «Կալյարիի» հետ խաղից հետո (1-1) իր ասած խոսքերի համար։ Խաղի ընթացքում հռոմեացիների գոլը չեղյալ էր համարվել Նիկոլա Կալինիչի ֆոլի պատճառով։
Հայտարարելով, որ «ֆուտբոլը փոքրիկ աղջիկների համար նախատեսված բալետի դաս չէ»՝ Պետրակին հայտնվել էր քննադատությունների կիզակետում։ Իտալիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Միլենա Բերտոլինին, մասնավորապես, ասել էր, որ Պետրակին «դեռ նախորդ դարում է ապրում»։
«Ներողություն եմ խնդրում, եթե իմ խոսքերը վիրավորել են ինչ-որ մեկին։ Ես նկատի չեմ ունեցել, թե ֆուտբոլը բացառապես տղամարդկանց խաղ է ու աղջիկները չպետք է ֆուտբոլ խաղան։
Ֆուտբոլը խաղ է բոլորի համար։ Եվ մենք «Ռոմայում» հպարտանում ենք մեր կանանց թիմով ու կանանց ֆուտբոլին աջակցելու մեր դերով»,- Պետրակիի խոսքերն է փոխանցում հռոմեական ակումբի թվիթերյան էջը։