«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Պրիմերայի հերթական տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում (4:0) փորձել է փրկել իր թիմակից Ուսման Դեմբելեին կարմիր քարտից:
Դեմբելեն կարմիր քարտ է ստացել այն բանից հետո, երբ խոսել է մրցավար Միգել Անտոնիո Մաթեու Լաոսի հետ: Մեսսին փորձել է մրցավարին բացատրել, որ ֆրանսիացին չի կարողացել իր մտքերը իսպաներեն ճիշտ փոխանցել, հայտնում է Marca-ն:
Խոսակցությանը մասնակցել է նաև «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն: Նա ևս փորձել է Լաոսին բացատրել, որ Դեմբելեն իրեն ոչ մի վատ բան չի ասել:
Այդուհանդերձ, մրցավարն այլ կարծիք է ունեցել ու հեռացրել է ֆրանսիացուն: Հիմա նա կորակազրկվի մրցավարի հասցեին ասած անհարիր խոսքերի համար: Չի բացառվում, որ Դեմբելեն բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» հետ հոկտեմբերի 26-ին կայանալիք խաղը: