Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում բազմամարտիկ Արթուր Դավթյանը նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Բազմամարտում անհատական ուղեգրեր են ստացել 12 մարմնամարզիկ։ Դավթյանը այդ ցանկում 9-րդն է։
Արթուր Դավթյանը բազմամարտում վաստակել է 80.898 և զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը:
Դավթյանը չի հաղթահարել որակավորման փուլը, սակայն Եվրոպական խաղերի չեմպիոնը 11 այլ մարզիկի հետ Օլիմպիական խաղերի անհատական ուղեգիր է ստացել:
Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14.133 միավոր և զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը՝ չի հաղթահարել որակավորման փուլը:
Հիշեցնենք, որ հավաքականի մյուս անդամը՝ Արթուր Թովմասյանը, օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։
Ավելի վաղ կանանց առաջնության որակավորման փուլին մասնակցել է Անահիտ Ասադուրյանը և 42.965 միավորով զբաղեցրել 161-րդ հորիզոնականը: