Բասկետբոլի Եվրասիական լիգայի 2019/20 կանոնավոր առաջնությունում հաղթանակով է մեկնարկել «Ուրարտու Վբեթը»։ Նախկին «Միկա» մարզադահլիճում կայացած խաղում երևանյան թիմը 99։78 հաշվով վստահ առավելության է հասել ռուսական «Արսենալ Տուլա» թիմի նկատմամբ։
Նշենք՝ այս հանդիպումից առաջ կայացավ մրցաշարի բացման արարողությունը։ Եվրասիական լիգայի նախագահ Կարեն Գիլոյանը ողջունեց ներկաներին ու հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին։
Պարային կարճ բեմադրությունից հետո հնչեց երկու երկրների օրհներգերն, ինչից հետո «Ուրարտու Վբեթի» և «Արսենալի» բասկետբոլիստները դուրս եկան խաղահրապարակ ու տրվեց հանդիպման մեկնարկը։
«Ուրարտու Վբեթը» մրցաշարի շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 4-ին՝ ղազախական «Բարսիի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 18։00-ին։
Երևանում ընթացող միջազգային մրցաշարում հանդես եկող հայկական մյուս թիմը՝ «Արագածը», ևս հաղթանակ է տարել մեկնարկում՝ 89-78 հաշվով հաղթելով ղազախական «Բարսի Ատիրաուին»։
«Արագածի» երկրորդ տուրի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին։ Երևանյան թիմը կմրցի «Արսենալի» հետ։