«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է թիմի պաշտպան Ժերար Պիկեի հետ իրավիճակը, որն ավելի վաղ ակնարկել էր, որ ակումբի ղեկավարությունը տարաձայնություններ է հրահրում: Պիկեն դժգոհ է մնացել Mundo Deportivo-ի հրապարակումից, որում խոսվում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների չափից շատ ազդեցության մասին:
«Մեզ պետք է հետաքրքրի այն, ինչ սպասվում է մեզ առաջիկայում: Իսկ մեզ շատ բան է սպասվում: Մենք պետք է առաջ գնանք նախկին ուղղությամբ՝ ընդունելով այն փաստը, որ շատ հակասություններ ի հայտ են գալիս ոչ մի տեղից: Տարաձայնությունները գալիս են դրսից, ոչ թե ներսից:
Մենք կենտրոնացած ենք «Ինտերի» հետ առաջիկա խաղի վրա և մտադիր չենք այլ բաների վրա շեղվել», — Վալվերդեի խոսքերն է մեջբերել AS-ը:
ՉԼ-ի խմբային փուլում «Բարսելոն» — «Ինտեր» խաղը կկայանա հոկտեմբերի 2-ին: