«Ուրարտուի» սեփականտեր Ջևան Չելոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև թիմի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի՝ թիմի ղեկին ցուցադրած արդյունքներին:
Պատասխանելով այն հարցին, որ «Չուկարիչկիի» դեմ խաղից սկսած՝ Ֆայզուլինը 14 պաշտոնական խաղ է տապալել, մի՞թե կարելի է Ռուսաստանից բերած նման մարզչին պահել, իսկ հայերին հանել հանգիստ՝ Չելոյանցն ասաց.
«Ինձ համար մարզիչների ազգությունը նշանակություն չունի:
Ինձ մարզիչ է պետք: Ֆայզուլինին չենք նշանակել նրա համար, որ ազգանունը Ֆայզուլին է: Նշանակել ենք, որովհետև լավ ֆուտբոլ է խաղացել Իսպանիայում: Նա եկել է Իսպանիայից, և ոչ թե Ռուսաստանից: Ես հիշում եմ իմ խոսքերը, կարծեմ, հենց այստեղ եմ ասել. «Ֆայզուլինը լավագույն մարզիչն է»: Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից: Եթե իմ մարզիչն ինձ համար լավագույնը չլինի, ես նրան չեմ պահի: Իմ մարզիչը, ֆուտբոլիստները միշտ լավագույնն են ինձ համար: Ես չեմ ուզում նսեմացնել Վարդան Մինասյանի աշխատանքը: Դուք հիմա շատ բան կարող եք ասել ինձ: Մինասյանը հաղթեց Հայաստանի առաջնությունը, ուրեմն լավագույն մարզիչը նա է: Բայց ինձ համար լավագույնն իմ թիմի մարզիչն է»:
Խոսելով այն մասին, որ այնուամենայնիվ, ֆուտբոլում կարևոր են արդյունքները՝ Չելոյանցը նշեց.
«Ես չասացի, որ նա հավերժ է: Ասացի՝ նա լավագույնն է»: