«Սոչի» ՖԱ-ն Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղում կամային 3-2 հաշվով հաղթանակ տարավ, իսկ վճռորոշ գոլը խաղավարտին խփեց թիմի հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Այս մասին գրում է «Известия»-ն, որը որը խաղից հետո զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ։
-Ինչո՞ւ հաղթական գոլից հետո վազեցիք այն «Սոչիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ տոնելու։
-Ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ, բայց նպատակային չեմ վազել նրա մոտ։ Ուղղակի շատ էի ուրախացել ու վազեցի դեպի եզրային դրոշակը, իսկ բոլորն արդեն այնտեղ էին։ Շատ շնորհակալ եմ Ռոման Անատոլևիչին․ նա է օգնել տեղափոխվել «Սոչի»։
-Ի՞նչ ձևով։
-Երբ նա եկավ աշխատելու «Սոչիում», զանգեց ինձ ու հարցրեց՝ ինչ պլաններ ունեմ։ Հետաքրքրվեց՝ չե՞մ ուզում թիմս փոխել։ Պատասխանեցի, որ հնարավոր է, ինչու ոչ։ Նա ինձ հավաքների հրավիրեց, այնտեղ ես մի քանի գոլ խփեցի ու արդյունքում տեղափոխվեցի «Սոչի»։
-Երբ գոլ խփեցիք «Դինամոյին», այնպիսի զգացողություն չունեիք, թե խաղից դուրս վիճակում եք։
-Խաղից հետո դիտել եմ այդ դրվագը․ ես, վստահաբար, ճիշտ դիրքում էի։ Ընդհանրապես, միշտ հետևում եմ, որ խաղից դուրս չլինեմ։ Ցանկացած հարձակվողի համար շատ կարևոր է դրան հետևելը։
-Այդ խաղում գերազանց գոլ խփեց Անտոն Զաբոտլիվիյը։ Դուք նրան շնորհավորեցիք, բայց, ըստ էության, նա հիմնական կազմում ձեր տեղի հիմնական մրցակիցն է․․․
-Շատ ուրախ էի, որ նա գոլ խփեց։ Բոլոր հարձակվողները միշտ ուզում են գոլ խփել, ու, չնայած նրան, որ մենք մրցակիցներ ենք, շատ լավ ենք շփվում միմյանց հետ։ Մենք ընդհանուր նպատակ ունենք․ 3 միավոր վաստակել «Սոչիի» համար։
-Ի՞նչ կարող էիք սովորել Զաբոտլիվիյից։
-Անտոնը 100%-ով պրոֆեսիոնալ է։ Շատ ուշադիր է հետևում իրեն։ Ինձ պես՝ մարզման է գալիս մեկ ժամ շուտ։ Հետևում է իր կերածին։ Շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի իր գործի հանդեպ ու նրա մեջ դա ինձ շատ է դուր գալիս։
-Գիտեք, Ռուսաստանում շատ են կատակում Զաբոտլիվիյի հետ կապված, քանի որ հազվադեպ է գոլեր խփում։
-Լսել եմ այդ մասին, բայց ինձ համար միևնույն է՝ ինչ են նրա մասին խոսում ուրիշները։ Ցանկացած հարձակվողի մոտ լինում են փուլեր, երբ նա գոլ չի խփում։ Ինձ մոտ նույնպես եղել է մի շրջան, երբ 6-7 խաղի գոլով աչքի չեմ ընկել։ Այդպիսի պահերին չի կարելի ծաղրել մարդուն կամ ծիծաղել նրա վրա։
-Գիտե՞ք, որ ձեր գոլը կարող էր «Դինամոյի» մարզիչ Դմիտրի Խոխլովին հեռացման հասցնել։
-Լսել եմ այդ մասին։ Սա ֆուտբոլ է։ Ով մտել է այս գործի մեջ, պետք է հասկանա, որ ամեն ինչ հնարավոր է։ Իհարկե, ցավալի կլիներ, եթե այդպես ստացվեր։ Բայց ես միայն իմ թիմի մասին եմ մտածում այնպես, ինչպես նա՝ իր թիմի։
-«Դինամոն» ամռանը ավելի քան 30 մլն եվրո էր ծախսել տրանսֆերների վրա, դրա հետ մեկտեղ «Սոչիից» այնքան էլ հեռու չէ մրցաշարային աղյուսակում։ Դա զարմացնո՞ւմ է։
-Փողերը գոլեր չեն խփում։ Պետք է լավ թիմ հավաքել։ Եթե նայենք նույն «Սպարտակին», նրանք նույնպես շատ փող են ծախսել գնումների վրա։ Եվ ո՞ր տեղում են նրանք։ Իսկ մյուս կողմից, կարելի է նայել «Ուֆային», որը գրեթե ոչինչ չի ծախսել։