Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանին Լոս Անջելեսում մարզում է անցկացրել` փորձարկելով շուրջ 25 հայ բասկետբոլիստի: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Մարզման վերաբերյալ Իսաջանին զրույց է ունեցել ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ:
«Մարզումը կայացավ «Մասիս» մարզասրահում և մասնակցեցին 25 տղաներ, որոնց դիտարկում ենք որպես պատանեկան հավաքականի թեկնածուների: Շատ մեծ ոգևորություն կար տղաների մոտ և բավականին լավ մարզում անցկացրինք: Վերջին տարիներին Հայաստանի պատանեկան հավաքականները կայուն կերպով մասնակցում են միջազգային մրցաշարերի, ինչի արդյունքում արդեն շատերն են ցանկանում իրենց դրսևորել ազգային թիմերում: Սա շատ կարևոր տարիք է, քանի որ այս երեխաներն են լինելու հայկական բասկետբոլի ապագան:
Կուզեմ նշել, որ պատանեկան հավաքականի դռները բաց են բոլորի առաջ: Նույն ուշադրությամբ հետևելու ենք նաև Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում հանդես եկող տղաներին, որ ընտրենք լավագույններին: Գալիք տարվա ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունում պետք է հանդես գան լավագույն 12 խաղացողները, իսկ նրանք, ովքեր չեն հայտնվի վերջնական հայտացուցակում, չպետք է ընկճվեն, քանի որ հետագայում դեռ շանս կունենան հայտնվելու ազգային թիմում:
Աշխատանքները շարունակվում են և աստիճանաբար կհասկանանք, թե ովքեր են լինելու հավաքականի հայտացուցակում»: