ՀԱՕԿ լրատվականը Ղազախստանում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մրցավարական տեսանկյունից ամփոփել է մրցաշարը սպասարկող հայ մրցավար Ավետիք Վարդանյանի հետ: Վարդանյանը ՀԱՕԿ պաշտոնական կայքին պատմել է մրցավարների աշխատանքի, այս աշխատանքի յուրահատուկ կողմերի, ինչպես նաև իր՝ Տոկիո-2020-ի մրցավարների կազմում ընդգրկվելու հնարավորության մասին:
Դատելուց ցույց եմ տալիս այն, ինչ գորգում տեսնում եմ, որ ոչ մի մարզիկի ճակատագրի հետ չխաղամ
«Մեծահասակների 4-րդ աշխարհի առաջնությունն է, որտեղ աշխատում եմ որպես մրցավար։ Ամենաբարդն է իմ սպասարկած 4 ԱԱ-ների մեջ, քանի որ սա նախաօլիմպիական աշխարհի առաջնություն է, և միայն ես չեմ այդ կարծիքին, դրա մասին խոսում են բոլոր մրցավարները։ Մրցակցությունը բարձր է, քանի որ աշխարհագրությունն է մեծացել և մարզիկներն իրենց կարողություններով հավասար են, իսկ պայքարը Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար ամեն ինչ ավելի է թեժացնում։ Կա ևս մեկ հանգամանք․ այս անգամ ուղեգրերը կրճատվել են, նախորդ Խաղերում ամեն քաշային կարգում կարող էր լինել 20 մասնակից, այս անգամ՝ 16, անցյալ անգամ 7 օլիմպիական քաշային կարգ էր, այս անգամ՝ 6: Լարվածությունը մեծ է, ամեն ինչ գագաթնակետին է հասել։ Մեզ համար էլ պատասխանատվությունն է մեծ, քանի որ, հնարավոր է, մարզիկի մարզական ուղղու վրա ազդի անգամ ամենաթեթև սխալը։ Ես, լինելով մարզիչ, այդ ամենը լավ եմ պատկերացնում, դրա համար դատելուց ցույց եմ տալիս այն, ինչ գորգում տեսնում եմ, որ ոչ մի մարզիկի ճակատագրի հետ չխաղամ»:
… գորգ մտնելիս մեր ըմբիշներին մյուս մրցավարներն ավելի ուշադիր են վերաբերվում
«Որպես մարզիչ խոսեմ, թե որքանով է կարևոր լավ ու ուժեղ մրցավար ունենալ ցանկացած մրցման ժամանակ, հատկապես՝ Օլիմպիական խաղերում։ Եթե գնում ես մրցման և քեզ հետ լինում է ուժեղ մրցավար, որին ճանաչում են և հարգում, գորգ մտնելիս մեր ըմբիշներին մյուս մրցավարներն ավելի ուշադիր են վերաբերվում»։
Ավետիք Վարդանյանը նշել է, որ Տոկիո-2020-ի մրցավարական վերջնական կազմը հայտնի կլինի 2020-ի մայիսին, իսկ մինչև այդ մի քանի փուլ էլ են անցնելու՝ սպասարկելով մայրցամաքային առաջնությունները և Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարը։