Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի 5-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղը: «Ռամոն Սանչես Պիսխուանում» կայացած խաղն ավարտվել է «սերուցքայինների» 1-0 հաշվով հաղթանակով:
«Ես երջանիկ եմ ու մեծ բավականություն եմ ապրում: Մեր խաղը քիչ հարցեր չէր առաջացրել, բայց մենք 90 րոպե անցկացրինք շատ բարձր մակարդակով:
Պետք է շնորհավորել թիմի բոլոր տղաներին: Սա մեր ընդհանուր հաղթանակն է:
«Ռեալը» տակտիկական առումով որակյալ խաղ անցկացրեց: Թիմի խաղում բնավորություն է զգացվում: Տղաները խաղադաշտում կռվում էին մեկը մյուսի համար և ներդրեցին բոլոր ուժերը՝ արժանանալով այս հաղթանակին: Պաշտպանությունում խաղը դարձել է առանցքային պահ, որը մեզ թույլ տվեց հաղթել», — Զիդանի խոսքերն է մեջբերել El Chiringuito-ն:
«Ռեալը», հավաքելով 11 միավոր, բարձրացել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական՝ առաջատար «Աթլետիկին» զիջելով միայն գոլերի տարբերության ցուցանիշով: