Ընդունված է համարել, որ հայկական սպորտում հիմնական նվաճումները մենապայքարային մարզաձևերից են, մասնավորապես՝ ըմբշամարտ, ծանրամարտ, շախմատ… Դե իսկ ըմբշամարտում՝ մեծապես հունահռոմեական ոճում: Ազատ ոճայիններից սպասելիքները երբեք շատ մեծ չեն եղել, հետևաբար՝ հիասաթափությունները՝ նույնպես:
2013-ին Հայաստանը 11 տարվա դադարից հետո առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոն ազատ ոճում:
66 կգ քաշային կարգում այդ տիտղոսը կրկին Հայաստան բերեց Դավիթ Սաֆարյանը:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած աշխարհի առաջնությունը ազատ ոճի ըմբշամարտի պլանում սպասելիքների առումով շատ չէր տարբերվում: Առանց թերագնահատելու մեր ազատոճայիններին՝ այստեղ մենք առայժմ չունենք աշխարհի մակարդակով անմրցելի որևէ մարզիկ, ինչպիսին կա հունահռոմեական ոճում:
Այս տարվա գարնանը Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո որոշ սպասելիքներ կային 19-ամյա Արսեն Հարությունյանից: Մեր ըմբիշը Ռումինիայում այնպիսի կամային որակներ ու հաղթանակ ցույց տվեց, որ թվում էր՝ Աշխարհի ոսկին ևս կգա Հայաստան: Բայց էյֆորիայի մատնվել պետք չէ. Արսենին դեռևս ժամանակ ու փորձ է պետք:
Նուր-Սուլթան 2019-ը ամենաանհաջողն էր Հայաստանի ըմբշամարտի հավաքականների համար: Եթե հունահռոմեականները գոնե 2 մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր բերեցին 77 և 97 կգ քաշային կարգերում, ազատոճայինները մնացին ձեռնունայն:
Հայաստանի հավաքականը Նուր-Սուլթան էր մեկնել 6 ըմբիշով՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Գրիգոր Գրիգորյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ):
Սեպտեմբերի 19-ին պայքարի դուրս եկան Հարությունյանն ու Թևանյանը: Երկուսն էլ հաղթանակ տարան մեկնարկային գոտեմարտերում, սակայն երկրորդում պարտվեցին ու հետագայում էլ զրկվեցին բրոնզե մեդալի համար պայքարելու շանսերից:
Մրցումային 2-րդ օրը պայքարի մեջ էին Վարուժան Կաջոյանն ու Լևան Բերիանիձեն: Այստեղ ևս ուրախանալու առիթ չունեցանք: Կաջոյանը պայքարը սկսեց 1/16-ում կարողացավ դուրս գալ 1/8 և պարտվել այստեղ: Բերիանիձեն պարտվեց հենց մեկնարկում:
Մեր հավաքականի վերջին 2 ներկայացուցիչները պայքարի մեջ մտան սեպտեմբերի 21-ին: Գրիգոր Գրիգորյանը քառորդ եզրափակչում 8-8 հաշվով պարտվեց: Հովհաննես Մխիթարյանը պայքարը լքեց հենց մեկնարկում՝ զիջելով 1-11 հաշվով:
Տոկիո-2020-ում մեր ազատոճային ըմբիշներին չենք տեսնի: