Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Արոնյանը թայ-բրեյքում առավելության է հասել Վիետնամի ներկայացուցիչ Լե Քուանգ Լյեմին։ Թայ-բրեյքի առաջին երկու պարտիայում կողմերը խաղաղ ելք են կնքել, 3-րդ պարտիայում Արոնյանը հաղթել է սև խաղաքարերով, իսկ չորրորդ պարտիայում դարձյալ ոչ-ոքի է գրանցվել:
Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչի առաջին ու երկրորդ պարտիաներում գրանցվել էր ոչ-ոքի:
Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչներն արդեն դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: