Այսօր մեկնարկում են եվրոպական թոփ-առաջնությունների հերթական տուրերի հանդիպումները: Հանգստյան օրերին վերսկսում է պայքարը Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնություններում չեմպիոնի կոչման համար:
Սակայն այս անգամ ֆուտբոլային Եվրոպան հայացքը թեքում է դեպի Ապենինյան թերակղզի: Իրադարձությունների գլխավոր կիզակետը Իտալիան է, ավելի ստույգ՝ Միլանը:
Հանդիպում են քաղաքի գլխավոր թիմերը՝ «Միլանն» ընդդեմ «Ինտերի»: Կամ այլ կերպ ասած՝ Դերբի դե լա Մադոնինա:
Վիճակագրություն
Թիմերն ընդհանուր առմամբ անցկացրել են 181 հանդիպում, որտեղ առավելությունը «Ինտերի» կողմն է՝ 67 հաղթանակ, 57 պարտութոյւն, 57 ոչ-ոքի:
Այս դիմակայության լավագույն ռմբարկուն «Միլանի» լեգենդար հարձակվող Անդրեյ Շևչենկոն է, ով աչքի է ընկել 15 անգամ:
Թիմերի դիրքը մրցաշարային աղյուսակում
Երկու ակումբները այս մրցաշրջանում հակառակ էմոցիաներ են առաջացնում երկրպագուների մոտ: «Ինտերը» հրաշալի է մեկնարկել այս առաջնությունում, ցույց տալով 100 տոկոսանոց արդյուք. 3 խաղ, 3 հաղթանակ: Իսկ ահա միլանյան համանուն թիմը առաջնության առաջին խաղում 0-1 հաշվով պարտություն կրեց «Ուդինեզեից»: Ճիշտ է, հաջորդ երկու հանդիպումներում թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով, սակայն հարձակման գծում Պյոնտեկի և Ռեբիչի պես ֆուտբոլիստներ ունեցող ակումբը չպետք է 3 խաղում 2 գոլ խփի:
Ուշադրության արժանի ֆուտբոլիստներ
Երկու ակումբներն էլ բարձր մակարդակի կատարողների պակաս չունեն: «Միլանի» կազմում կարող են խաղի ելքը վճռել նույն Պյոնտեկն ու Ռեբիչը, ինչպես նաև ստեղծագործ ունակություններով և անսպասելի գործողութոյւններով աչքի ընկնող Չալխանողլուն և Սուսոն:
«Ներաձձուրիների» կազմում չափազանց վտանգավոր է լինելու Լուկակու-Մարտինես հարձակման զույգը, որը գրեթե ամեն խաղում աչքի է ընկնում, ինչպես նաև կիսապաշտպան Ստեֆանո Սենսին, ով փայլուն մարզավիճակում է գտնվում:
Գեղամ Հարությունյան