Քաթարի առաջնության 4-րդ տուրի՝ «Ալ-Արաբիի» և «Ալ-Շախանիայի» միջև խաղը զավեշտալի միջադեպով է մեկնարկել:
Գնդակը դաշտի կենտրոնից խաղարկելուց հետո տանտերերի պաշտպանն այն ուղարկել է մրցակցի տուգանային հրապարակ՝ հույս ունենալով, որ իր թիմի հարձակվողները կդիմավորեն այն, սակայն առաջինը գնդակին մոտեցել է հյուրերի դարպասապահը:
Վերջինս, ճիշտ չգնահատելով իրավիճակը, անգամ չի կարողացել դիպչել գնդակին ու այն, իր վրայով, ընթացել է դեպի դարպասը, որտեղ արդեն վրա հասած կիսապաշտպան Մոհամեդ Սալահը գոլն իր ակտիվում է գրանցել:
Հանդիպումն ավարտվել է «Ալ-Արաբիի»՝ 2-1 հաշվով հաղթանակով: «Ալ-Շախանիան» 74-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, բայց 89-րդ րոպեին Սալահը դուբլ է ձևակերպել ու իր թիմին հաղթանակ պարգևել:
«Ալ-Արաբին», վաստակելով 10 միավոր, գլխավորում է Քաթարի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Ալ-Շախանիան» 0 միավոր ունի իր ակտիվում ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը: