Իսպանական ֆուտբոլի գլխավոր դիմակայության անցկացումը դարձյալ հարցականի տակ է։ Սկզբնապես «Բարսելոնան» ու «Ռեալը» Լա լիգայի 10-րդ տուրի խաղը պիտի անցկացնեին հոկտեմբերի 26-ին։ Հետաձգված հանդիպումը նշանակվեց դեկտեմբերի 18-ին։ Խաղից օրեր առաջ իսպանական մամուլը դարձյալ ահազանգում է․ կլասիկոյի անցկացումը վտանգի տակ է։ Ինչու՞։

Անկախության ձգտող Կատալոնիայի և Իսպանիայի կենտրոնական իշխանության (ավելի կոնկրետ Մադրիդի) ջրերը երբեք նույն առվով չեն հոսել։ Այս ամենը իր արտացոլանքն է ստացել տարբեր ոլորտներում։ Ֆուտբոլը դրանցից ամենաակնառուն է։ Ամենամասսայական սպորտաձևի սիրահարները գիտեն, որ բացի ֆուտբոլային հակամարտությունից այստեղ կա նաև քաղաքական շահերի բախում։

Անկա՞խ, թե՞ կախյալ Կատալոնիա
Կատալոնիայի անկախության շարժումը սկսվել է դեռևս 19-րդ դարից, բայց, իհարկե, մենք այդքան հետ չենք գնալու։ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի ողջ տարածքում հանրաքվե անցկացվեց հետևյալ հարցադրմամբ․«Դուք ուզու՞մ եք, որ Կատալոնիան լինի անկախ հանրապետություն»։ Քվեարկությանը մասնակցածներից 91 տոկոսը պատասխանել էին․ «այո՛»։ Քաղաքագետների պնդմամբ՝ անկախության հանրաքվեի անցկացման մեջ կային հակասահմանադրական որոշ դրսևորումներ։ Եվ ահա Իսպանիայի կենտրոնական իշխանությունները միանգամից սկսեցին քայլեր ձեռնարկել գործընթացը կանխելու համար։ Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը մեջբերելով՝ նրանք չեղյալ հայտարարեցին Կատալոնիայի անկախության հռչակումը։ Բարսելոնայում և մյուս քաղաքներում սկսեցին բազմահազարանոց ցույցեր ու բողոքի ակցիաներ։
Ինչու է Կատալոնիայում վտանգավոր այս օրերին
2017-ի ձախողված ռեֆերենդումից հետո կատալոնացի մի շարք քաղաքական գործիչներ անցնում էին տարբեր դատական գործերով։ Նրանցից գլխավորների գործերը քննում էր Իսպանիայի Գերագույն դատարանը։

2019 թվականի հոկտեմբերին Իսպանիայի գերագույն դատարանը Կատալոնիայի անկախության գործընթացում կարևորագույն դերակատարում ունեցած գործիչներից 9-ին դատապարտեց 9-13 տարվա ազատազրկմամբ խարդախության, պետական միջոցների չարաշահման համար։ Այս որոշումը թեժացրեց իրավիճակը Կատալոնիայում։ Հենց այս որոշումից հետո սկսվեցին մասսայական այն անկարգություններն ու ցույցերը, որի արդյունքում հետաձգվեց հոկտեմբերի 26-ին կայանալիք հանդիպումը։

Ակումբների ճշտագույն պահվածքը
Թե՛ «Ռեալում», թե՛ «Բարսելոնայում» շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Իսպանիայի քաղաքական դաշտում։ Սակայն թիմերն իրենց պահում են ամենաճիշտ ձևով։ Ոչ մի արձագանք, ոչ մի մեկնաբանություն։ Սա մրցակցության, արդարության ու պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր դրսևորումն է, որ ցուցադրվում է մոլորակի ֆուտբոլային ուժեղագույն ակումբներից երկուսի կողմից։

Երբ Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան որոշում կայացրեց հոկտեմբերի 26-ին կայանալիք խաղը հետաձգելու, ընդամենը մի քանի ժամ անց «Բարսելոնան» հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք նախընտրում են հետաձգված հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 18-ին։ Րոպեներ անց խոսեց նաև «Ռեալը»։ Լինեին ուրիշ թիմեր, գուցե նոր օրվա ընտրությունը ևս քննարկման առարկա դառնար, բայց «արքայական» ակումբը շատ արագ հաստատեց դեկտեմբերի 18-ին խաղի անցկացման պատրաստակամությունը։
Ի՞նչ սպասել դեկտեմբերի 18-ին
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Կատալոնիայի մայրաքաղաքում ցուցարարները սպառնում են շրջափակել Կամպ Նոուն հանդիպման ընթացքում 20 հազար մարդկանցով։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է հանդիպումը չեզոք դաշտում անցկացնելու տարբերակը։ Marca-ի տեղեկություններով՝ եթե հանդիպումը կայանա դեկտեմբերի 18-ին ու լինի անգամ չնչին սպառնալիք, «Ռեալի» ավտոբուսը չի մոտենալու «Կամպ Նոուին»։

Այս տեղեկությունից ժամեր անց «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարեց, որ կլասիկոն անցկացվելու է դեկտեմբերի 18-ին։ «Եկե՛ք ընտանիքներով ու ընկերներով։ Կլասիկոն սպորտի ու հանգստության տոն է լինելու»,-ասաց Բարտոմեուն։
Եվ իսկապես։ Այս անգամ հանդիպումը քիչ հավանական է, որ կհետաձգվի։ Կատալոնիայում ներկա պահին ավելի հանգիստ է, քան հոկտեմբերին էր։ Իհարկե, ցուցարարները այս հանդիպումը դիտարկում են որպես իրենց պահանջների բարձրաձայնման ևս մեկ հարթակ, քանի որ Էլ կլասիկոն դիտում են ողջ աշխարհում։ Բայց և թվում է, որ այս անգամ կապահովվի անհրաժեշտ անվտանգությունը, ու Էլ կլասիկոն կկայանա։
Սպասենք իրադարձությունների զարգացմանը։ «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման չհետաձգման դեպքում կհանդիպենք դեկտեմբերի 17-ին՝ քննարկելու իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի գլխավոր հանդիպման սպասելիքները։
Արամ Սահակյան