Ֆուտբոլում, ըստ էության, ոչինչ չտվող մրցանակ է Սուպերգավաթը՝ ի տարբերություն երկրի Գավաթի, որը Եվրալիգայի ուղեգիր է ապահովում: Եվ գրեթե բոլոր երկրներում Սուպերգավաթի խաղարկությամբ տալիս են ներքին առաջնության մեկնարկը: Անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունը, մեծ հաշվով, ֆուտբոլային նոր մրցաշրջանի մեկնարկի ազդանշանն է:
Հայաստանում պատկերը միշտ այլ է եղել. երկար տարիներ մեզ մոտ Սուպերգավաթի խաղարկությունը կայանում էր սեպտեմբերի 21-ին նախորդող կամ հաջորդող օրերին: Միայն 2018-ին «Ալաշկերտը» և «Գանձասար-Կապանը» տիտղոսը խաղարկեցին հուլիսի 29-ին:
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 23-րդ խաղարկությունը (2000 թվականին Սուպերգավաթը չի խաղարկվել): Մրցելու են գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ու գավաթակիր «Ալաշկերտը»: Հիշեցնենք, որ ըստ կանոնակարգի՝ այս տիտղոսը վիճարկում են ընթացիկ տարվա չեմպիոնն ու գավաթակիրը, իսկ եթե թե՛ չեմպոնությունը, թե՛ Գավաթը հաղթել է նույն թիմը, ապա Սուպերգավաթում նա մրցում է առաջնությունում 2-րդ տեղ զբաղեցրած թիմի հետ:

1996-ից ամեն տարի անցկացվող խաղարկության անդրանիկ հաղթողը Գյումրու «Շիրակն» էր, որը 3-1 հաշվով հաղթեց այն ժամանակ գործող չեմպիոն «Փյունիկին»: «Ալաշկերտն» այսօր խաղադաշտ կմտնի գործող սուպերգավաթակրի կարգավիճակով: «Դեղինների» համար այս խաղարկությունը 4-րդն է պատմության մեջ. նախորդ 3 խաղարկություններից երկուսն ավարտվել են հենց այս թիմի հաղթանակով: «Արարատ-Արմենիան» առաջին անգամ է մասնակցելու խաղարկությանը: Սուպերգավաթի համար պայքարում փորձառու «Ալաշկերտի» ու «անփորձ» «Արարատ-Արմենիայի» դիմակայությունը խոստանում է լինել դիտարժան:
Չնայած այն հանգամանքին, որ Սուպերգավաթը սիմվոլիկ տիտղոս է, դրա հանդեպ վերաբերմունքը փոխվել է վերջին տարիներին: Նախկինում հաճախ կարելի էր տեսնել խաղին 2-րդ կազմերով դուրս եկող թիմերի: Հատկապես վերջին 3 խաղարկություններում Սուպերգավաթի համար մղվել է համառ պայքար: Հիշեցնենք, որ 2016 թվականին «Ալաշկերտը» 11 մետրանոցներով հաղթեց «Բանանցին», 2017-ին «Շիրակը» 2:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»: Վերջին խաղարկությունն ավարտվեց «Գանձասար-Կապանի» նկատմամաբ «Ալաշկերտի» 2-0 հաշվով հաղթանակով: «Արարատ-Արմենիային» այս խաղում մոտիվացնելու է կարճ պատմության մեջ 2-րդ տիտղոսը նվաճելու շանսը: «Ալաշկերտը» կփորձի ցույց տալ, որ ոչնչով չի զիջում բոլորի կարծիքով ուժեղ «Արարատ-Արմենիային»:

Սուպերգավաթային խաղի նկատմամբ վերաբերմունքն աստիճանաբար փոխելու և ավելի լրջացնելու ուղղությամբ մեկ այլ, ոչ պակաս կարևոր փոփոխություն կա այս տարի. առաջին անգամ հանդիպման մուտքը տոմսերով է: Տոմսերն արժեն սիմվոլիկ՝ 300 դրամ: Տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում:
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ «Արարատ-Արմենիա» — «Ալաշկերտ». ո՞ւմ է բաժին հասնելու Հայաստանի Սուպերգավաթի 23-րդ տիտղոսը: Հանդիպումը հեռարձակվելու է նաև ATV-ի եթերում: